«Պետք է սկսել աշխատել այն պետությունների հետ, որտեղ Արցախի անկախության ճանաչման հավանականությունը մեծ է». Միջազգայնագետը՝ Արցախի ԱԳՆ-ի հայտարարության մասին

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Արցախի անկախության ճանաչումը, բնականաբար, բարդ գործընթաց է, և այնպես չէ, որ հեշտությամբ է դա ստացվելու։

«Անկեղծ, չգիտեմ՝ մեր իշխանություններն ինչ են մտածում Արցախի անկախության ճանաչման գործընթացի հետ կապված, պատրաստվո՞ւմ են ճանաչել Արցախի անկախությունը, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ բավականին բարդ գործընթաց է լինելու նաև միջազգային հանրության տեսանկյունից։ Ամեն դեպքում, նման հայտարարություն, բնականաբար, պետք էր անել, և այդ ուղղությամբ պետք է աշխատել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ։ Հայտարարության մեջ կոչ է արվում միջազգային հանրությանը՝ ճանաչել Արցախի անկախությունը. «Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Արցախի քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքների ապահովման համար։ Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է»,- նշվում է հայտարարությունում։

Ինչ վերաբերում է հայկական դիվանագիտությանը միջազգային հարթակներում, որպեսզի Արցախի անկախության ճանաչման հարցն առաջ մղվի, Սուրեն Սարգսյանը նշեց. «Պետք է սկսել աշխատել այն պետությունների հետ, որտեղ Արցախի անկախության ճանաչման հավանականությունը մեծ է։ Եթե Արցախի անկախությունը ճանաչվի, ապա դա արդեն կդառնա միջազգային իրավունքի ճանաչված կամ կիսաճանաչված սուբյեկտ, ինչը, իհարկե, նոր իրողություն կձևավորի, նոր հնարավորություններ կտա՝ ակտիվ աշխատելու բոլոր ուղղություններով»։

Տեսանյութեր

Լրահոս