«Ժամանակն է փակել միջամտության առաջին փուլը և անցնել ավելի կոշտ մեթոդների». Դավիթ Բաբայան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 2-ին հայտարարություն էր տարածել, համաձայն որի՝ հաջող հեռախոսազրույց է անցկացրել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ, և առաջարկել է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունները վերսկսելու նոր մեթոդ: Այս մասին հայտնում է Reuters-ը:

168.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանն անդրադառնալով Մակրոնի հայտարարությանը՝ նշեց, որ դժվարանում է ասել՝ ինչ նոր մեթոդի մասին է խոսում Ֆրանսիան։

«Այս պահի դրությամբ ամենակարևորն այն է, որ այս պատերազմը կանգնեցվի, այսինքն՝ համանախագահող երկրների առաքելությունը սա պետք է լինի։ Ես ավելի քան համոզված եմ, որ անհրաժեշտ է՝ միջամտության այդ առաջին փուլը փակվի, այսինքն՝ կոչերի, հայտարարությունների, իհարկե, սա դիրքորոշում է ցույց տալիս, և դա լավ է, սակայն ժամանակն է անցելու ավելի կոշտ մեթոդների։ Մենք տեսանք, որ ԵՄ-ն ուզում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, այսպես պետք է լինի, ավելին՝ մատակարարում ապահովել Հայաստանին ու Արցախին, որովհետև այլ տարբերակ չկա, ո՞ւմ պետք է կոչեր հղեն՝ Էրդողանի՞ն, նա ահաբեկիչ է, և այն, որ նա հասել է նման մակարդակի, ինչ-որ տեղ միջազգային հանրության մեղավորությունը կա։ Միջազգային հանրությունն աչք է փակել այդ խենթի տարբեր ահաբեկչական, հակամարդկային արարքների վրա։ Պատմությունից նման մարդիկ եղել են, Էրդողանը, Ալիևը, սրանք նույն կատեգորիայի մարդիկ են՝ արկածախնդիր, անհավասարակշռված, հակամարդկային»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ առհասարակ ցանկացած պայքար ընթանում է մի քանի հարթություններում, այժմ հայկական կողմը կրում է ռազմական բեռը, այսինքն՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի թիրախը հայկական կողմն է, բնականաբար, ակնհայտ է, թե ինչ նպատակներ ունեն այդ ահաբեկիչները, առավել ևս, որ իրենց գործողություններում ընդգրկում են սիրիացի վարձկան ահաբեկիչների։

«Բնական է, թե այսօր Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխությունները ինչ հետևանքներ կարող են ունենալ, առաջինը ոչնչացվելու ենք մենք, սակայն նրանք իրենց նպատակին չեն հասնելու, մենք կանգնելու ենք մինչև վերջ։ Բայց մենք խոսում ենք աշխարհաքաղաքական խնդրի մասին, թե ինչի է այս ամենը բերելու, սա բերելու է շատ կտրուկ տրանսֆորմացիաների՝ Անդրկովկասից Ռուսաստանը դուրս է մղվելու, դուրս է մղվելու նաև Հյուսիսային Կովկասից, ինչն էլ բերելու է սարսափելի հետևանքների։ Իրանն է դառնալու պանթուրքիզմի թիրախ, մեր տարածաշրջանում պայթյուն ու սարսափելի երևույթներ կլինեն։ Սարսափելի է  լինելու նաև Արևմտյան աշխարհի համար, որովհետև ստեղծվելու է ահաբեկչական խալիֆայություն։ Բնական է, որ այս ամենին միջամտել և միջամտելու են, հարցը դա չէ, այլ տարբերակ չկա։ Թուրքիան իր պահվածքով հարվածելու է նաև ԱՄՆ-ին, ի՞նչ է ստացվում, ստացվում է՝ ՆԱՏՕ-ի երկիրը պատերազմ է սկսում առանց իր գործընկերներին տեղյակ պահելո՞ւ, թե՞ տեղյակ է պահել։ Չեմ կարծում, որ տեղյակ է պահել, բայց այդ դեպքում արդեն խփում են ԱՄՆ-ի վարկանիշին»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցին Թուրքիա, Դավիթ Բաբայանն ասաց՝ երևում է, որ ՆԱՏՕ-ից գնում են, որպեսզի ճնշումներ գործադրեն, սակայն պետք է սպասել՝ հասկանալու, թե այդ ամենն ինչպես է ավարտվելու։

Անդրադառնալով Մինսկի խմբի հայտարարությանը, որ անհրաժեշտ է հումանիտար դադար հաստատել՝ չեզոք գոտուց զոհվածների դիերը հանելու համար, Դավիթ Բաբայանը նկատեց՝ եթե թուրք ու ադրբեջանցի ահաբեկիչները մեկ վայրկյան կանգ չեն առնում, ինչպե՞ս է լինելու դադարը։

«Իհարկե, լավ կլինի, որ դիակները հանենք, որևէ մեկը չի ուզում դրանք պահել, բոլորս էլ հասկանում ենք, թե դա ինչ մարդկային ողբերգական հարց է։ Բայց ունենք այն, ինչ ունենք»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս