Իսրայելա-թուրքական սպառնալիք Արցախում՝ ընդդեմ Իրանի․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանին: Հատկապես այն ժամանակ, երբ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ագրեսիա է իրականացնում Արցախի եւ Հայաստանի դեմ, իսրայելական կողմը շարունակում է զենքի մատակարարումներն Ադրբեջանին, ինչն անընդունելի է: Մի ժողովուրդ, որը կրել է ցեղասպանության սարսափները, բայց այսօր կանգնում է ցեղասպանություն իրականացնող տերության կողքին, փաստացի հայտարարում է, որ Հոլոքոստի դեպքում իրեն առավելապես հետաքրքրում է ոչ թե իր զավակների թափած անմեղ արյունը, այլ այդ արյունը վաճառելու գինը:
Հասկանում ենք, որ խոսքը չի վերաբերում միայն զենքի վաճառքի եկամտաբեր գործարքներին, որոնց թվում կան անօդաչուներ, հրթիռներ ու ռադիոլոկացիոն համակարգեր: Իսրայելը ցեղասպան Ադրբեջանին համարում է իր ռազմավարական դաշնակիցը: Կասպից ծովի ափին գտնվող այդ պետությունը նավթի մատակարարման աղբյուր է, որն Իսրայելը գնում է, ինչպես նաեւ իր դիրքի շնորհիվ ծառայում է որպես չափազանց կարեւոր «հետին դուռ», որը տանում է դեպի հարեւան Իրան, որին կարելի է օգտագործել հետախուզության ու գաղտնի այլ նպատակների համար՝ հատկապես հաշվի առնելով, որ այդ՝ գերազանցաբար շիիթական երկիրը համոզված աշխարհիկ պետություն է եւ արդեն վաղուց կասկածով է վերաբերվում Իրանին»: