Արցախում անջատումներ չեն լինի կոմունալ վճարումները ժամանակավոր չկատարելու դեպքում
Արցախի Հանրապետությունում կոմունալ ծառայությունների ոլորտում անջատումներ չեն լինի քաղաքացիների կողմից վճարումները ժամանակավոր չկատարելու դեպքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանը:
«Որևէ անջատում չի լինելու կոմունալ վճարումները ժամանակավոր չվճարելու դեպքում: Այս առումով կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունները տեղեկացված են»,- ասաց Մարտիրոսյանը:
Պետնախարարը նշեց, որ Արցախի կառավարության կողմից ամեն ինչ արվում է, որպեսզի ապահովվի քաղաքացիների բնականոն կյանքը:
«Ամսվա հենց առաջին օրվանից սկսած վճարվել են բոլոր աշխատավարձերը, որոնք նախատեսված էին պետական բյուջեով, առանց որևէ խնդիրների: Թոշակներն ու նպաստները նույնպես կվճարվեն սահմանված ժամկետներում: Այդ առումով մենք որևէ խնդիր չենք ունենա»,- նշեց Գրիգորի Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանը հավելեց, որ նույնիսկ պատերազմական վիճակում նախորդ 9 ամսվա արդյունքներով` Արցախի հարկատուները վճարել են 200 մլն դրամով ավելի հարկեր:
Նորայր Շողիկյան