Աշխարհի ղեկավարներն ապաքինում են մաղթել Թրամփին
Աշխարհի ղեկավարները հոկտեմբերի 2-ին ապաքինում են մաղթում ԱՄՆ-ի 74-ամյա նախագահ Դոնալդ Թրամփին, որը կնոջ՝ Մելանյայի հետ կորոնավիրուսով է վարակվել նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թրամփին հղած հեռագրում վստահություն է հայտնել, որ նրան հատուկ «կենսական եռանդը, ոգու կայտառությունը եւ լավատեսությունը կօգնեն հաղթահարելու վտանգավոր վիրուսը»:
ԱՄՆ-ի նախագահին է դիմել նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որն ինքն է ապրիլին ծանր կերպով տարել հիվանդությունը:
Շուտափույթ ապաքինման բարեմաղթություններով հանդես են եկել նաեւ Գերմանիայի կանցել Անգելա Մերկելը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը, Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Twitter-ում կորոնավիրուսի դեմ պայքարն անվանել է ճակատամարտ, որտեղ «բոլորը շարունակում են մարտնչել ամեն օր», իսկ Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգը Թրամփի վարակվելը համարել է «այն բանի օրինակ, թե որքան վարակիչ է այդ վիրուսը»: «Այդ պատճառով ենք մենք սահմանափակումներ մտցրել»,- ասել է նա Verdens Gang թերթին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: