
Հայտնի ռոք երգչուհի Յուլյա Չիչերինան արդեն Ստեփանակերտում է

Ռուս սիրված ռոք երգչուհի, հեղինակ-կատարող Յուլյա Չիչերինան, որը Հայաստանում մեծ ճանաչում ձեռք բերեց Мой рок-н-ролл, Жара հիթերով, Արցախում է: Telegram-ի ալիքում WarGonzo-ի հեղինակ Սեմյոն Պեգովն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չի կարողանում կապ հաստատել երգչուհու հետ` նշելով, որ Չիչերինան հայտնվել է ադրբեջանական ԱԹՍ-ների կրակի տակ: «Մեր զրույցի ժամանակ նա ապահով վայրում էր` բլինդաժում: Մի քանի րոպե առաջ օնլայն էր, բայց հիմա զանգերին չի պատասխանում»,- ընդգծել է Սեմյոն Պեգովը:
Այս տեղեկությունից մոտ մեկ ժամ անց Սեմյոն Պեգովը տեղեկացրեց, որ գտել է Չիչերինային, նրան հաջողվել է վերջապես հասնել Ստեփանակերտ: Տելեգրամի WarGonzo ալիքով տարածված Պեգովին տված հարցազրույցում երգչուհին պատմել է, որ Ստեփանակերտ մեկնելու ճանապարհին հայտնվել են գնդակոծության տակ՝ «հասցրել ենք թաքնվել, ինձ փրկեց կատուն, ես տեսա նրան հանգիստ նստած և գնացի կատվի մոտ»: Լրագրողի հարցին, թե ինչ նպատակով է եկել Ստեփանակերտ, Յուլյա Չիչերինան պատասխանել է. «Ես պետք է երգեմ»:
Ավելի վաղ Յուլյա Չիչերինան Telegram-ում լուսանկար է հրապարակել Հանրապետության հրապարակից հետևյալ գրառմամբ. «Բարի գիշեր, Երևան»: