«Միայն երեկ խոցվել է 17 ԱԹՍ՝ բոլորը հարվածային». Արթուր Սարգսյան
Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանն այսօր Արցախի տեղեկատվական շտաբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Կարեն Ջալավյանը, ով երեկ Արցախի նախագահի հրամանով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը, Արցախի գոյամարտից սկզբից առ այսօր գտնվում է բանակի շարքում և բազմիցս վիրավորվել է։
«Նա իր հմուտ գործողության արդյունքում ապահովել է հյուսիսային ուղղության կայուն պաշտպանությունը և ռազմավարական նշանակության խնդիրների կատարումը՝ հաշվի առնելով նաև, որ այդ ուղղությամբ հակառակորդն օգտագործել է աննախադեպ քանակությամբ անձնակազմ, սպառազինություն և ռազմական տեխնիկա։ Շարունակական բնույթ է կրելու պարգևատրումները և ըստ արժանվույն, բոլորն էլ համապատասխան պարգևատրումների են արժանանալու»,- նշեց Արթուր Սարգսյանը։
Ինչ վերաբերում է թշնամու տարածքում հայտնված վիրավոր կամ զոհված հայ զինվորների փոխանակմանը, Արթուր Սարգսյանն ասաց, որ փոխանակման համար գոնե պետք է ժամանակավոր հրադադար լինի, իսկ այս պահին հրադադարի միտում չկա։
Անդրադառնալով թշնամու կողմից օգտագործվող դրոնների արտադրության երկրին, գնդապետն ասաց, որ դրանց օգտագործման տեսակները, արտադրության երկիրը, մոտավոր քանակը, օգտագործման մարտավարությունը և ղեկավարումն իրենց կողմից բացահայտված է և վերահսկելի։
«Միայն երեկ խոցվել է 17 ԱԹՍ, բոլորը հարվածային»,- շեշտեց Արթուր Սարգսյանը։
Արտասահմանցի լրագրողի ճշտող հարցին, թե ի՞նչ տեսակի դրոններ են եղել, գնդապետը չցանկացավ պատասխանել։
Լրագրողը նաև հետաքրքրվեց, թե ո՞ր ուղղությամբ են կռվում սիրացի ահաբեկիչները, որևէ բան դրա մասին հայտնի՞ է, գնդապետ Սարգսյանը պատասխանեց. «Ես արդեն ասացի, որ երեկ հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական արտադրության «Թադիրա» ռադիոկայան, որը վերծանելուց հետո կարողացել ենք ֆիքսել, որ նշված ուղղություններով գրոհող ստորաբաժանումները ղեկավարվում են արաբերեն լեզվով»։
Ռուս լրագրողնեներից մեկի հարցին էլ, թե ինչո՞ւ է թշնամին կրակում, իմաստը ո՞րն է, գնդապետը պատասխանեց, որ դրա իմաստը կարող են հարցնել է թշնամուց։
«Հարցնում եք իմաստը ո՞րն է, դա թշնամու մենթալիտետն է»,- եզրափակեց Արթուր Սարգսյանը։