«Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում իրենց կյանքը զոհել են Պաշտպանության բանակի 54 մարտիկներ». ՊԲ հրամանատարի տեղակալ

Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանի խոսքով՝ երեկ ինտենսիվ մարտեր են ընթացել ամբողջ ռազմաճակատով, հակառակորդը շարունակել է գրոհել Պաշտպանության բանակի մարտակարգերը՝  կիրառելով ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ծանր ականանետեր, հրթիռահրետանային ողջ զինանոցը։ Օգտագործել է նաև զրահատանկային ստորաբաժանումներ և հատուկ նշանակության ստորաբաժանումներ։

«Մարտականա գործողությունների դինամիկան, կիրառված սպառազինությունը, ռազմական տեխնիկան և անձնակազմի քանակն աննախադեպ էր։ Հատկապես հյուսիսիային և հարավային ուղղություններով։ Օպերատիվ մարտավարական և մարտավարական իրադրությունում փոփոխություններ չեն գրանցվել։ Գիշերվա ընթացքում լարվածությունը մի փոքր թուլացել է, սակայն հրետակոծումներն անընդմեջ շարունակվել են։ Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն իրենց առջև դրված խնդիրները կատարել են փայլուն և անթերի՝ ձախողելով հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը։ Անհաջողություններ կրելով այս անգամ ևս թշնամին իր ձեռագրին համապատասխան թիրախավորել է հայկական բնակավայրերը և խաղաղ բնակչությանը, մասնավորապես՝ Մարտունի, Մարտակերտ և Հադրութ քաղաքաների, որ ժամանակ վիրավորվել են մեր լրատվամիջոցների ներկայացուցիչները, այդ թվում՝ արտասահմանյան։ Նրանց շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- այս մասին Արցախի տեղեկատվական շտաբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արթուր Սարգսյանը։

Գնդապետը նաև տեղեկացրեց, որ հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական արտադրության «Թադիրա» մակնիշի ռադիոկայան, որի վերծանման և օգտագործման արդյունքում պարզվել է, որ նշված ուղղություններով խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբական լեզվով։

«Սրա եզրակացությունները թողնում եմ ձեզ։ Հակառակորդի կորուստները կազմել են 39 զրահատեխնիկա, 4 ՍՈՒ 25 ինքնաթիռ, 3 ՄԻ 24 ինքնաթիռ, 17 ԱԹՍ, անձնակազմի կորուստը շուրջ 830-ի կարգի է։ Ոչնչացվել է նաև հրետանային դիվիզիոն։ Ցավոք, հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում իրենց կյանքը զոհել են Պաշտպանության բանակի 54 մարտիկներ, վիրավորների քանակն էլ ճշտվում է, բավականին շատ վիրավորներ ունենք»,- նշեց նա։

Տեսանյութեր

Լրահոս