Երևան-Մեղրի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել․ կան տուժածներ
Հոկտեմբերի 2-ին, ժամը 05:49-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա-Ելփին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 98-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» (վարորդ՝ Ստեփան Գ․, ծնված 1988 թ.) և «Opel Astra H» (վարորդ՝ Էդգար Ք․, ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra H» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Զարինե Գ․-ն (ծնված 1976 թ․) և Արման Գ․-ն (ծնված 2006 թ․) հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel Astra H» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։