Հակառակորդի հեռահար նպատակն է եղել 2-3 օրվա ընթացքում մխրճվել շուրջ 10-15 կմ Արցախի ՊԲ խորություն. Սեյրան Օհանյան
Ադրբեջանի զինված ուժերը, Թուրքիայի սպառազինության և անձնակազմի մասնակցությամբ, սադրիչ գործողություններ են նախատեսել, և սեպտեմբերի 27-ին, օգտագործելով իրենց ամբողջ զինանոցը, կատարելով համապատասխան խոցման և ազդեցության միջոցառումներ, անցել են մի քանի ուղղություններով հարձակման իրենց մոտոհրաձգային, հրաձգային և տանկային ստորաբաժանումներով:
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Նրանց հեռահար նպատակն է եղել 2-3 օրվա ընթացքում մխրճվել մարտավարական խորություն` մոտ 10-15 կիլոմետր Արցախի պաշտպանության բանակի խորություն, այնուհետեւ պարտադրանքի լեզվով խոսել և’ Արցախի, և’ Հայաստանի Հանրապետության ղեկավարության հետ՝ հետագա բանակցային գործընթացում։ Նրանք խախտել են պայմանավորվածությունները՝ ուժի չկիրառման հարցում։ Հանդիպելով Արցախի պաշտպանության բանակի հմուտ գործողություններով պայմանավորված դիմադրությանը՝ ստանալով հսկայական ծավալով եւ’ անձնակազմի, եւ’ սպառազինության, եւ՛ ռազմական տեխնիկայի, եւ՛ օդուժի, եւ՛ անօդաչու թռչող սարքերի խոցումներ, ըստ էության, չեն կարողացել հասնել իրենց նպատակներին»,- նշեց նա` հավելելով, որ այսօր դիրքային պատերազմ է ընթանում։