Թուրքիայի ռազմական և տնտեսական գործընկերները պետք է զսպեն Էրդողանին. Բունդեսթագի պատգամավոր

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեն Ադրբեջանի ագրեսիան հայկական կողմի ուղղությամբ որակում է միջազգային իրավունքին հակասող, նկատում, որ այն խրախուսվում է Անկարայի աջակցության խոստումներով: Պատգամավորը համոզված է՝ Թուրքիայի ռազմական և տնտեսական գործընկերները պետք է զսպեն Էրդողանին, միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ անհապաղ դադարեցնելու պատերազմը:

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորը նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծած ռազմական գործողություններին:

«Սա Ադրբեջանի կողմից ագրեսիայի ակտ է, որը հակասում է միջազգային իրավունքին: Ադրբեջանական կառավարությունը խրախուսվում է Անկարայի աջակցության խոստումներով: Ըստ ամենայնի, Անկարան պատերազմ է մղում իր իսլամական ազդեցությունն ընդլայնելու համար, որպես Էրդողանի՝ Օսմանյան կայսրության վերածննդի տեսլականի մի մաս»,-ասաց պատգամավորը:

Շտեֆեն Կոտրեն նկատեց՝ հայերը պաշտպանում են այն հողը, որտեղ հիմա ապրում են: Պատգամավորի տպավորությամբ՝ յուրաքանչյուր հայ կանգնած է պաշտպանելու իր հայրենիքը: «Մյուս կողմից, Ադրբեջանի համար դա միայն տարածքային ձեռքբերումների խնդիր է»,-նշեց նա:

Շտեֆեն Կոտրեն շեշտեց, որ միջազգային հանրությունը պետք է պնդի, որ հրադադարի ռեժիմը պահպանվի: «Եվ պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա ՝ անհապաղ դադարեցնելու պատերազմը, որը հակասում է միջազգային իրավունքին: Հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով: Եթե ապացուցվի, որ թուրքական միջամտությունը ճիշտ է, միջազգային հանրությունը պետք է դադարեցնի թուրքական ագրեսիան: Էրդողանի օրոք Թուրքիան ոչ միայն ներսից է դարձել բռնապետություն: Մեծ տերության արտաքին քաղաքական ֆանտազիաները, որոնք ակնհայտորեն հիմնված են գերազանցություն ունենալու թուրքական մոլորության վրա, ավելի ու ավելի են դառնում սպառնալիք՝ տարածաշրջանում խաղաղության համար»,-ասաց պատգամավորը:

Նա նկատեց, որ Իսրայելի, Հունաստանի հետ բախումները, Սիրիա ներխուժելը, ինչը հակասում է միջազգային իրավունքին, և այժմ բացահայտ սպառնալիքը `«անել այն, ինչ անհրաժեշտ է»` Ադրբեջանի կողմից աջակցության խնդրանքի դեպքում, հստակ ցույց են տալիս, որ Թուրքիան աջակցում է ագրեսիային: «Ուստի, ողջ տարածաշրջանում խաղաղության համար շատ կարևոր է, որ Թուրքիայի տնտեսական և ռազմական գործընկերները սանձեն, զսպեն Էրդողանին»,-եզրափակեց պատգամավորը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 11 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն:

Հայկական զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային շուրջ 1280 կորուստ և 2700 վիրավոր:

Հակառակորդը կորցրել է 90 ԱԹՍ, 12 ուղղաթիռ, 181 զրահատեխնիկա, 4 ինքնաթիռ, 2 «Սմերչ», 3 ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգ:

Աննա Գրիգորյան

Տեսանյութեր

Լրահոս