Ռոումինգի սակագինն Արցախում կկազմի 5 դրամ
Արցախում գործող շարժական կապի օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցի մասնակի վերականգնման, թողունակության ավելացման և հայաստանյան երեք օպերատորների ու «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ միջև քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ռոումինգի սակագների իջեցման վերաբերյալ:
« Ըստ այդմ՝ 2020թ. հոկտեմբերի 1-ի ժամը 18:00-ից սկսած` «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցում ռոումինգի մուտքային (մինչ այդ գործող սակագինը՝ 14 դրամ) և ելքային` դեպի ՀՀ բոլոր ցանցերի (մինչ այդ գործող սակագինը՝ 28 դրամ), ինչպես նաև դեպի «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ու ֆիքսված ցանցերի (մինչ այդ գործող սակագինը՝ 28 դրամ) հեռախոսահամարներին զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ՝ 1 րոպեի համար:
«Զանգ Հայաստան» ծառայության միջոցով «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցից Հայաստանի Հանրապետության օպերատորների շարժական և ֆիքսված ցանցեր (ներառյալ ոչ աշխարահագրական ուղղությունները) զանգահարելու սակագինը նույնպես կկազմի 5 դրամ
SMS (կարճ) հաղորդագրությունների սակագինը նույնպես կկազմի 5 դրամ: Հայտարարված սակագինը կգործի մինչև հավելյալ տեղեկացում», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության` սակագների իջեցումը պայմանավորված է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ որոշումով՝ հաշվի առնելով ներկայում օպերատորի տեխնիկական հնարավորությունները:
«Միևնույն ժամանակ, հորդորում ենք զանգեր կատարել բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցը գերբեռնվածությունից հնարավորինս զերծ պահելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: