«Քանի որ այս օրերին մեր հայրենակիցներն աննկարագրելի ակտիվ են համացանցում, հատուկ ուզում եմ կոչով դիմել նրանց». Կնյազ Սարոյանը՝ տեղեկատվական պատերազմների մասին
Ժամանակակից պատերազմների արդյունավետ ելքերի կարևոր բաղադրիչ են ոչ միայն ռազմական հաջողությունները, այլև տեղեկատվական պատերազմում հաղթանակներ արձանագրելը, ինչը կարծես հաջողությամբ իրականացնում են առանձին խմբեր:
168.am-ը թեմայի շուրջ զրուցեց Aysor.am կայքի «Պրոֆիլ» հեղինակային հաղորդաշարի հեղինակ և վարող Կնյազ Սարոյանի հետ, ում ֆեյսբուքյան պատը պատերազմի առաջին օրից առ այսօր ողողված է մոբիլիզացիոն խմբերին ուղղված գրառումներով, որոնց նպատակն արտասահմանյան որևէ հեղինակավոր պարբերականի հրապարակման ներքո մեկնաբանություններ գրելն ու հայանպաստ կարծիք ձևավորելն է:
«Առավելապես կենտրոնանում ենք միջազգային առաջատար լրատվականների վրա, թե արևմտյան, և թե ռուսական: Մոնիտորինգի արդյունքում ընտրում ենք բոլոր այն մեդիաները, որոնք Ֆեյսբուքում ակտիվ են, ունեն մեծ թվով հետևորդներ, և իրենց հրապարակումների տակ սովորաբար մեծ քննարկումներ են ծավալվում»,- ասաց Կնյազ Սարոյանը:
Մեր հարցին, թե ի՞նչ տեքստեր են տեղադրվում հայ օգտատերերի կողմից, ու առհասարակ ի՞նչ թեզեր են շրջանառվում մեկնաբանությունների մեջ, Կնյազ Սարոյանն ասաց, որ դրանք ձևավորվում են՝ ունենալով մեկ կարևորագույն սկզբունք, և այդ թեզերի բովանդակությունն ամբողջովին տեղավորվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշման շրջանակներում, ու սա անխախտ սկզբունք է:
«Կախված լսարանից՝ թեզերը որոշակի շեշտադրումներ են իրենց մեջ պարունակում: Օրինակ, ռուսական լսարանի պարագայում, եթե ռուսական մեդիայի հրապարակման տակ ենք աշխատում, ընտրում ենք այնպիսի բովանդակությամբ թեզեր, որոնք հասանելի և ընկալելի են ռուս ընթերցողի համար: Արևմտյանի պարագայում մոտեցումն այլ է բնականաբար: Օրինակ, եվրոպական որևէ նյութի տակ մենք փորձում ենք շեշտադրել Թուրքիայի մասնակցության խնդիրը, հիշեցնել, որ Թուրքիան ոչ վստահելի գործընկեր է նաև Եվրոպայի համար: Նշում ենք, որ Արցախում առաջին հերթին մարդու իրավունքների խնդիր է, ու այնտեղ ապրող մարդիկ իրավունք ունեն պայքարել իրենց ազատության և անվտանգ գոյության համար: Եթե թեզերն ակնհայտ հակահայկական են, բովանդակությունը ձևավորվում է այդ մեխի շուրջ»,- նշեց Կնյազ Սարոյանը:
Նրա խոսքով՝ ահռելի քանակությամբ մարդիկ են ներգրավված, ովքեր կամավորության սկզբունքով միացել են:
«Մասնագետներից սկսած՝ ուսանողներ, լրագրողներով վերջացրած, մեծ ջանք են ներդնում, և մեծ շնորհակալություն նրանց, որ միացան այս նախաձեռնությանը»,- ասաց Կնյազ Սարոյանը:
Հարցին, թե ի՞նչ արձագանքներ են լինում, մեր զրուցակիցն ասաց, որ նախ՝ իրենք փորձում են այնպես անել, որ հնարավորինս տեսանելի լինի դրսի լսարանի համար: «Կան տարբեր դեպքեր, երբ այլ երկրի քաղաքացիներ են հավանում մեր գրառումները՝ այդ կերպ իրենց դիրքորոշումը հայտնելով: Կան մարդիկ էլ, որ իրենք են մեկնաբանություններ գրում, աջակցություն հայտնում մեզ, միջամտում են մեր երկխոսություններին, հարցեր են տալիս»,- նշեց մեր զրուցակիցը:
Վերջում Կնյազ Սարոյանը մեր հայրենակիցներին ուղղված կոչով հանդես եկավ.
«Քանի որ մեր հայրենակիցներն աննկարագրելի ակտիվ են համացանցում այս օրերին, և բոլորն էլ ուզում են իրենց ներդրումն ունենալ, հատուկ ուզում եմ կոչով դիմել բոլոր այն մարդկանց, ովքեր միանում են մեզ կոնկրետ այս նախաձեռնության շրջանակներում։ Բոլորին ևս մեկ անգամ խնդրում եմ իրենց գրառումներում ու մեկնաբանություններում թեզերը շրջանառել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ բացառապես մեր պաշտոնական դիրքորոշումների շրջանակներում, ինչպես նաև օգտվել ու տարածել պաշտոնական խողովակների կողմից այս օրերին շրջանառվող տեղեկությունները»։
Նա նշեց նաև, որ նախաձեռնությանը միացողներին այս մասին միշտ են հիշեցնում ու օգնում:
«Կուզենամ, որ բոլորն անխախտ պահպանեն այս կանոնը։ Մենք նաև կոչ ենք անում որևէ կերպ չտարածել ապատեղեկատվություն, հանդես գալ փաստարկված մոտեցումներով ու ձևակերպումներով՝ անհրաժեշտության դեպքում խորհրդակցելով փորձագետների հետ, նույն մեկնաբանությունը չարտատպել մի քանի անգամ, պահպանել տեղեկատվական մաքրությունը և ինքնուրույն չտարածել այնպիսի տեսանյութեր կամ հրապարակումներ, որոնք կարող են խախտել սոցիալական ցանցերի անվտանգային կանոնները»,- եզրափակեց նախաձեռնող խմբի անդամը: