Գամալեյայի կենտրոնը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների մանրամասներ է հայտնել
Կամավորները, որոնք մասնակցում են կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի հետգրանցումային հետազոտություններին, եւ բժիշկները, որոնք նրանց պատվաստումներ են անում, չգիտեն, թե հատկապես ինչ են ներարկում՝ պատվաստանյութ, թե պլացեբո: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է Գամալեյայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
«Գիտի միայն համակարգիչը, որն ամեն բան գաղտնագրել է: Մարդուն տալիս են կոդ»,-հայտնել է նա: Գինցբուրգը ճշտել է, որ այդ կոդի օգնությամբ բացառվում է կամավորին մեկ անգամ պատվաստանյութ, իսկ երկրորդ անգամ պլացեբո եւ հակառակը ներարկելու հնարավորությունը:
Փորձարկումների ավարտից հետո բոլոր կամավորները իմանում են, թե ինչ են իրենք ստացել:
Օգոստոսին Ռուսաստանի առողջապահության նախարարությունը գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:
Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով:
ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ է ստացել:
Նա նշել է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել է հինգ երկրների հետ. առկա հզորությունները թույլ են տալիս մեկ տարում արտադրել մինչեւ 500 միլիոն չափաբաժին: Հետգրանցումային կլինիկական հետազոտությունները Մոսկվայում մեկնարկել են սեպտեմբերի 7-ին, իսկ երկու օր անց պատվաստումներ են ստացել առաջին կամավորները: Ընդամենը հետազոտությանը կմասնակցի 40 հազար մարդ, նրանցից 10 հազարը կստանան պլացեբո. դա անհրաժեշտ է պատվաստանյութի արդյունավետությունն ստուգելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: