Շենգավիթ վարչական շրջանում ՍԱՏՄ-ի իրականացրած խստացված ստուգայցի արդյունքում 72 ժամով կասեցվել է սրճարանի գործունեությունը
ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների չկատարման հիմքով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր կասեցրել են երկրում գործող սննդի շղթայի մի շարք օպերատորների գործունեությունը. կասեցվողների ցանկում բոլորիս հայտնի տնտեսավարողներ են: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Մասնավորապես՝ 72 ժամով կասեցվել է Երևանի օղակաձև զբոսայգում գտնվող «ՄուզԿաֆե» սրճարանի գործունեությունը՝ կատարման համար պարտադիր սանիտարհիգիենիկ նորմերը խախտելու համար:
24 ժամով դադարեցվել է նաև Երևանի Կոմիտաս 60/2 հասցեում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի աշխատանքը. այստեղ թերի է իրականացվել աշխատակիցների ջերմաչափումը, նրանցից ոմանք դիմակ չեն դրել, ջերմաչափման մատյանները թերի են լրացվել, դրամարկղերի մոտ մարդկային կուտակումներ են եղել՝ չպահպանելով սոցիալական հեռավորություն:
ՍԱՏՄ կողմից իրականացվող ստուգայցերի խոշորացույցի տակ այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հանրային սննդի կետերը, խանութներն ու արտադրական կազմակերպություններն էին:
Մի շարք տնտեսավարողների մոտ կրկնայցեր էին: Դրականորեն արձանագրվել է, որ նախկինում խախտումներ թույլ տված և մեկ անգամ արդեն 24 ժամով կասեցված այդ ընկերություններում բոլոր թերացումները վերացվել են:
ՍԱՏՄ մասնագետների «Կարավել» ռեստորան կատարած անակնկալ այցն այդ հանրային սննդի կետում արձանագրել է մարդկային կուտակում՝ 80-100 հոգանոց միջոցառման տեսքով: Խախտումն արձանագրվել է և կներկայացվի պարետատուն:
Ստուգայցեր անցկացվել են հանրապետության բոլոր մարզերում:
Տեսչական մարմնինը տնտեսավարողներին աջակցում է խորհրդատվությամբ, ցուցումներով, ինչպես նաև հիշեցնում կրկնակի խախտումների պարագայում սպասվող ավելի խիստ պատժամիջոցների մասին: