Ինչո՞ւ են ապամոնտաժվել հայ ռազմական գործիչների նկարներով վահանակները

Երևանցիները հավանաբար տեսել են, որ քաղաքի տարբեր մասերում, գովազդային բաներներից բացի, կան տեղադրված նաև հայ մեծերի ու ականավոր պետական, ռազմական գործիչների պատկերներով պաստառներ:

168.amի տեղեկություններով՝ ս/թ հունիսի 21-ին ապամոնտաժվել են Բաղրամյան պողոտայի նախագահական նստավայրից դեպի Օրբելի փողոց իջնող փողոցի երկու կողմերի պաստառները, որոնց վրա պատկերված էին ԽՍՀՄ հայ մարշալների ու ռազմական գործիչների նկարներ:

Մեզ ասացին, որ, համենայն դեպս, մինչև հունիսի 18-ը դրանք եղել են տեղում:

Խնդիրը հասկանալու համար կապ հաստատեցինք քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ՝ պարզելու՝ ո՞վ, ե՞րբ և ինչո՞ւ է ապամոնտաժել հայ ռազմական գործիչների նկարներով պաստառները:

Վերջինս ասաց, որ այն գովազդային ընկերությունները, որոնք որոշակի քանակությամբ գովազդային վահանակներ ունեն՝ քաղաքի տարբեր մասերում տեղադրված, քաղաքապետարանի հետ համաձայնեցնում են սոցիալական կամ կոմերցիոն գովազդի բովանդակությունն ընդհանուր փաթեթի մեջ:

«Օրինակ, այդպիսի փաթեթներից էր նաև շատերին հայտնի «Հայ մեծեր» շարքը, որը հենց այդպես, մեկ փաթեթով՝ ներառյալ դիզայնը, բովանդակությունն ինչ-որ մի ժամանակ համաձայնեցրել է քաղաքապետարանի հետ: Եվ այդ ընկերությունը, որը, ենթադրենք, ունի 30 գովազդային վահանակ, իր՝ կոմերցիոն գովազդներից ազատ վահանակների վրա տեղադրում է այդ բովանդակության սոցիալական վահանակներ»,- ասաց Հակոբ Կարապետյանը:

Ըստ խոսնակի՝ երբեմն, օրինակ, կարող է այնպես լինել, որ այս կամ այն փողոցի վահանակի՝ սոցիալական գովազդ պարունակող հոլովակը տեղափոխվի մեկ ուրիշ տարածք ու այնտեղ տեղադրվի:

«Այսպիսին է ընդհանուր կոնցեպտը, բայց  Ձեր ասած դեպքի մանրամասներին, եթե նման բան տեղի է ունեցել, ես չեմ տիրապետում: Դրանով «ԷԳԱ» ՍՊԸ-ն է զբաղվում, մանրամասներին իրենք կարող են տիրապետել: Եվս մեկ անգամ կրկնեմ, որ տեղափոխությունները և դրա հետ կապված այլ գործողությունները քաղաքապետարանի հետ չեն համաձայնեցվում»,- նշեց քաղաքապետի խոսնակը:

Մենք կապ հաստատեցինք «ԷԳԱ» ՍՊԸ-ի հետ՝ պարզաբանելու վերոնշյալ հարցը: Ընկերության աշխատակիցներից մեկը խոստացավ ճշտել բոլոր հանգամանքներն ու կապ հաստատել մեզ հետ, ինչը տեղի չունեցավ: Անպատասխան մնացին նաև մեր զանգերը:

Այնուամենայնիվ, 168.am-ը պատրաստակամ է հրապարակել «ԷԳԱ» ՍՊԸ-ի պաշտոնական տեսակետը խնդրի վերաբերյալ:

Սակայն տարակուսելի է, որ հայ մարշալների ու ԽՍՀՄ ռազմական գործիչների վահանակները տարօրինակ զուգադիպությամբ անհետանում են հենց այն ժամանակ, երբ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված տոնական միջոցառումների անցկացման փուլում ենք գտնվում, և այսօր էլ Մոսկվայում տեղի ունեցավ այդ մեծ հաղթանակի 75-ամյակին նվիրված մեծ զորահանդես, որին, ի դեպ, ըստ մամուլում տարածված և այդպես էլ չհերքված լուրերի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել ռուսական կողմի «հորդորով»:

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ երկրներից միակ ղեկավարն է, ով չի մեկնել Մոսկվա: Ղրղըզստանի նախագահը մեկնել է Մոսկվա, սակայն զորահանդեսին չի մասնակցել, քանի որ իր շրջապատում կորոնավիրուսային վարակակիր է հայտնաբերվել:

Տեսանյութեր

Լրահոս