Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքից Սեւան են հասել նվիրաբերված ուսանողական ավտոբուսները
Ֆրանսիայի Հանրապետության Գրենոբլի եւ Հայաստանի Հանրապետության Սեւան քաղաքների միջեւ հաստատված երկար տարիների համագործակցությունն ու բարեկամությունը ամրապնդվեց եւս մեկ արդյունավետ ձեռնարկով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, Գրենոբլի քաղաքապետարանի եւ տեղի հայ համայնքի կողմից նվիրաբերված ուսանողական ավտոբուսներն արդեն հաsել են Սեւան քաղաք՝ դառնալով հայ-ֆրանսիական բարեկամության, Գրենոբլ եւ Սևան համայնքների լավագույն համագործակցության եւս մեկ փաստ:
«2017 թվականին Երեւանում անցկացվող Հայաստան-Սփյուռք համաժողովին մասնակցում էր նաեւ Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի հայ պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էր Գրենոբլի հայ մշակույթի տան այն ժամանակվա նախագահ Սիրանուշ Խաչատրյանը: Սիրանուշը Հայաստանյան այցի ընթացքում եղավ նաեւ Սեւան համայնքում, հանդիպեց համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի հետ:
Համայնքի ղեկավարը, խոսելով համայնքային առաջնահերթությունների մասին, առանձնացրեց օրակարգային կարեւոր մեկ հարց` ուսանողական ավտոբուսի գործարկումը: Ինչպես հավաստեց Մուրադյանը՝ ավտոբուսի կամ ավտոբուսների գործարկումը լինելու է անվճար, ծառայելու է համայնքի ուսանողներին, ինչի շնորհիվ լուծվելու է սոցիալական կարեւորագույն խնդիր:
Սիրանուշ Խաչատրյանը խոստացավ համայնքի ղեկավարի խնդրանք-ցանկությունը հայտնել Գրենոբլի հայ համայնքին եւ փորձել ստանալ նրա աջակցությունը: Նախորդ տարվա նոյեմբերին նույն խնդիրը քննարկվեց Գրենոբլում, որտեղ գտնվում էր Սեւան քաղաքի պատվիրակությունը Գրենոբլի քաղաքապետ Էրիկ Պիոլի հրավերով:
Այդ ընթացքում էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ Սեւան համայնքին նվիրաբերել երկու ավտոբուս: Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի խնդրանքով հայ համայնքի ներկայացուցիչ, «Ազատ» ամսագրի հիմնադիր-տնօրեն, Գրենոբլի եւ Դոֆինեի հայկական մշակույթի տան նախկին տնօրեն, Գրենոբլի հայերի ակումբի նախկին տնօրեն պարոն Գրեգուար Ատամյանը հայ համայնքի հետ (տնօրեն՝ Պասկալ Բաբախյան) ձեռնամուխ եղավ ավտոբուսներ գտնելու եւ դրանք Սեւան տեղափոխելու գործին: Արդյունքում՝ Cars VFD ընկերության գլխավոր տնօրեն Լորան Լըժոնը սիրով համաձայնեց՝ Սեւան համայնքին տրամադրել 2 ավտոբուս: Իսկ Գրենոբլի քաղաքապետ Էրիկ Պիոլը որոշ մասով հատուցեց տեղափոխման ծախսերը: Հայ համայնքը դիմել էր նաև այլ կողմերի, որպեսզի հատուցվեն տեղափոխման ծախսերը: 2019 թվականի դեկտեմբերի 9-ին երկու ավտոբուսները Գրենոբլից ուղղություն վերցրին դեպի Հայաստան:
Ավտոբուսների մեկնումից առաջ, ավանդույթի համաձայն, Գրենոբլի հայկական առաքելական եկեղեցու քահանա տեր Բաբկենն անցկացրել է օրհնության արարողակարգ:
Տարեմուտին ավտոբուսները հասան Հայաստան, որին հաջորդեցին համայնքի կողմից իրականացվող տեխնիկական եւ կազմակերպչական մի շարք գործընթացներ: Ուրախությամբ փաստում ենք, որ Գրենոբլի կողմից նվիրաբերված երկու ավտոբուսն արդեն Սեւանում են և անվճար հիմունքներով կծառայեն իրենց նպատակին»,-ընդգծեց Արմինե Ղուկասյանը:
Խոսրով Խլղաթյան