Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական նիստը մոտ 2 ամսով հետաձգվեց
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանի գործով դատական նիստն այսօր չկայացավ: Նշանակված ժամից մի քանի րոպե ուշացել էր փաստաբան Հրանտ Անանյանը, ու դատավոր Դավիթ Բալայանը փաստաբանի ուշացման պատճառով դատական նիստը հետաձգեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 10-ին:
Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե նիստը չկայացավ անհիմն պատճառով՝ նշելով, թե չի ուզում դատական նիստը հետաձգելու միտում տեսնել:
«Էս միջոցով դատավարության մասնակիցներին կոչ եմ անում, որ ժամանակին գան դատարան: Մի քանի անգամ էս հարցը քննարկվել ա, չի կարելի ուղղակի… Մի քանի րոպե թող շուտ մտնեն: Ես կես ժամ շուտ եկել եմ դատարան, ասենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանը:
Դ. Սանասարյանի ներկայացուցիչ Արսեն Սարդարյանի խոսքով՝ դատարանները աշխատում են լարված, գերծանրաբեռնված, ինչի մասին դատավորը մի քանի անգամ դատական նիստում հայտնել էր:
«Նման պայմաններում, կարծում եմ՝ միտում փնտրելու հիմքեր չունենք: Եվ, բնականաբար, այստեղ կարող է լինի դատավորի գերհոգնածություն, կարող է լինի դատավորի լարվածություն, բայց միտում չի կարող լինել, որովհետև մենք որ համադրում ենք այս իրադրության նախորդող գործողությունները, կարծես թե պարզ է, որ սա միտումնավոր արված քայլ չի: Չեմ կարծում նաև, որ մեր կոլեգան է միտումնավոր ուշանում, որովհետև ես էլ որպես փաստաբան՝ հասկանում եմ փաստաբանների ծանրաբեռնվածությունը. կարող է ամբողջ գիշեր նա, օրինակ, քննչական գործողության եղած ըլնի, կամ կալանքի»,- ասաց Արսեն Սարդարյանը:
Փաստաբանը եղածում մեկ այլ խնդիր է տեսնում: Ըստ նրա՝ կա իրողություն, որ «ըստ էության անմեղ մարդը անհիմն մեղադրանքով եկել ա դատարան», ուզում է արագ արդարադատության գործընթացքում ապացուցի իր անմեղ լինելը, բայց սպասում է արդարադատության, իսկ դատական նիստերն ամիսներով հետաձգվում են:
«Ամիսներով ձգվող նիստեր, մի քանի ժամ տևող նիստեր, այս գործընթացը կարող ա տարիներ տևի: Այսինքն՝ ի՞նչ ա նշանակում՝ նախաքննության մարմինն ու դատախազությունն անհիմն մեղադրանք են առաջադրում, ու կարծես թե պետական քաղաքականությունն ա, որ «դատարաններ կան, հրապարակային ա, գնա արդարացի», է՜, գնում ես դատարան, տարիներով գործդ չի ավարտվում: Ի՞նչ անի անձը:
Եթե պարոն Սանասարյանը, ասենք, ամեն դեպքում, իրավականից բացի, այլ ուղի չունի, ես ընդհանրապես եմ նայում, կարող ա քաղաքացիներին սա նաև դրդի ոչ իրավաչափ վարքագծի, որովհետև եթե երկրում արդարադատություն իրականացնող կառույցն ի զորու չի ողջամիտ ժամկետում արդարադատություն իրականացնի, դա նաև Եվրոպական դատարանն ա բազմիցս փաստել, ասում ա՝ «ուշացած արդարադատությունը դա նույնն ա, ինչ որ արդարադատությունը մերժվի»: Հիմա ի՞նչ անենք մենք»,- ասաց Արսեն Սարդարյանը՝ հավելելով, որ կա համակարգային խնդիր այդ առումով:
Հիշեցնենք, որ ըստ Ազգային անվտանգության ծառայության` Դավիթ Սանասարյանի ղեկավարած ծառայության պաշտոնյաները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքն ու առերևույթ միջամտել պետական գնումների գործընթացին՝ ձեռնարկատերերի համար խոչընդոտներ ստեղծելով:
Խոսքը վերաբերում է հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործին, դրա շրջանակում ՊՎԾ երկու աշխատակից կալանավորվել էին՝ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը, կալանավորվել էր նաև գնումների մրցույթին մասնակցած «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը։ Ավելի ուշ փոխվել էր բոլորի խափանման միջոց՝ կալանքը։