Մեկնաբանություն՝ ըստ քաղաքական նպատակահարմարության
«Խափանման միջոցը, իմ ենթադրությամբ, կապված է պարոն Ծառուկյանի տարիքի ու կորոնավիրուսի առկայության հետ: Միգուցե դատավորի կողմից դրանք հանդիսացել են ինչ-որ ձևով պատճառներ՝ ընտրել այնպիսի խափանման միջոց, որը կապված չէ անձին ազատությունից զրկելու հետ: Կարևոր է սա արձանագրել, որովհետև մեր քաղաքացիների մոտ տպավորություն է, որ այն քրգործը, որի հետ կապված ԱԺ-ում կայացվեց որոշում, դատարանը բաց թողեց պարոն Ծառուկյանին»,- այսօր Ազգային ժողովում ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով դատարանի՝ երեկ կայացրած վճռի մասին, ըստ որի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը չկալանավորվեց:
Անշուշտ, հետաքրքիր մեկնաբանություն է, բայց որքան էլ արդեն պետք է որ սովորած լինեինք, որ մեր իշխանությունները ցանկացած բանի մասին խոսում են՝ ելնելով պահի նպատակահարմարությունից, ու նրանց համար ճշմարտությունը մի քանիսն է, սակայն, այնուամենայնիվ, արձանագրենք, որ նույն ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի դեպքում, որը նույնպես գտնվում է թե՛ տարիքային խոցելի խմբում, թե՛ ունի հենաշարժողական բնույթի խնդիրներ, այս «մարդասիրական» հայտարարությունը երբևիցե չհնչեց:
Իսկ Գագիկ Խաչատրյանի դեպքում, բացի վերը նշված խնդիրներից, կա նաև վիրահատության ցուցում, և վերջինս, բավական չէ, որ հիվանդանոցից տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, ուր, ըստ լուրերի, կար կորոնավիրուսային վարակի հավանականություն, դեռ այնտեղից էլ՝ «Վարդաշեն» ՔԿՀ, ուր պայմանները հեռու են կատարյալ լինելուց, և հենաշարժողական լուրջ խնդիրներ ունեցող մարդու համար ամենևին էլ հեշտ չէ այնտեղ մնալը:
Ի դեպ, տարիքային և առողջական վիճակով պայմանավորված՝ կորոնավիրուսային խոցելի խմբում գտնվելու հանգամանքը մեր իշխանություններին չէր խանգարում փոխել ընդամենը 6 կալանավորի խափանման միջոցը, որովհետև նրանց թվում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: