
«Մեր հիմնական պլանն այն է, որ մենք մեր քաղաքացիների համար փորձենք աշխատատեղ ստեղծել Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավանդույթի համաձայն՝ պատասխանեց նաև լրագրողների գրավոր հարցերին:
Հարցին, թե ե՞րբ կվերականգնվեն կանոնավոր ուղևորափոխադրումները Հայաստանի և ԵԱՏՄ երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի միջև, քանի որ ԵԱՏՄ երկրներում արտագնա աշխատանք իրականացնող բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ, կորոնավիրուսով պայմանավորված սահմանների փակ լինելու պատճառով, չեն կարողացել մեկնել աշխատանքի, վարչապետը կոնկրետ պատասխան չտվեց:
«Դա կախված է ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում տիրող հակահամաճարակային իրավիճակից, բայց մեր հիմնական պլանն այն է, որ մենք մեր քաղաքացիների համար փորձենք աշխատատեղ ստեղծել Հայաստանում, որ նրանք այստեղ աշխատելու հնարավորություն ունենան, և ոչ թե մեկնեն Հայաստանից դուրս: Ամեն դեպքում մենք կապիտալ ծրագրերով ինչ խոստացել ենք, որ 100 նոր նախագիծ պետք է ներկայացնենք կապիտալ շինարարության ոլորտում, դրանց մի մասով արդեն մրցույթները տեղի են ունենում, և ես հույս ունեմ, որ անհրաժեշտ էֆեկտիվությամբ այդ գործը կիրականացվի, և արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները հնարավորություն կունենան տեղում աշխատել: Համենայն դեպս, մեր լավագույն ցանկությունն այդ է, և հույս ունեմ, որ կկարողանանք մեծ մասով իրականացնել այդ նպատակը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: