«Քիչ չեն այն մարդիկ ու պետք է շնորհակալ լինեն էն մարդիկ, ոմանք, որ Հայաստանում արտակարգ դրություն է, և հավաքներ անելու հնարավորություն չկա». Նիկոլ Փաշինյան
Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց երկու լրատվամիջոցի հարցերին: Առաջին հարցին, թե քաղաքական իշխանության ընդդիմախոսները պնդում են, որ վարչապետը համավարակի այս բարդ փուլն ու արտակարգ դրության ռեժիմն օգտագործում է քաղաքական հարցերի լուծման համար, ինչպիսիք են, օրինակ՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական հետապնդման իրականացումն ու ՍԴ ճգնաժամը խորհրդարանում լուծելու նախաձեռնության արագ իրականացումն այն պարագայում, երբ հավաքներն արգելված են, և մարդիկ չեն կարող փողոցում դժգոհություն արտահայտել, իսկ խորհրդարանական ըննդիմությունը քննարկում է հավաքների ազատության սահմանափակման հարցով ՍԴ դիմելու հնարավորությունը, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց.
«Իսկ ո՞վ է ասել, որ….Դուք ասացիք, որ հավաքները սահմանափակված են, այո, հավաքները սահմանափակված են, և Արտակարգ դրության ռեժիմի մասին օրենքով հավաքներ անցկացնել չի կարելի, բայց ո՞վ է ասել, որ այդ պոտենցիալ հավաքի մասնակիցները պիտի պարտադիր դժգոհություն արտահայտեին գործող Կառավարությունից, իսկ ո՞վ է ասել, որ այդ պոտենցիալ հանրահավաքի 5 կամ 10 կամ 20 անգամ ավելի մեծ թվով, կամ 100 անգամ ավելի մեծ թվով մասնակիցներ դժգոհություն չպիտի արտահայտեին որոշ կոռուպցիոներների գործունեության հետ կապված: Իսկ ընդհանուր առմամբ կարծում եմ, որ սա պետք է հաշվի առնել, քիչ չեն այն մարդիկ, ու պետք է շնորհակալ լինեն էն մարդիկ, ոմանք, որ Հայաստանում արտակարգ դրություն է, և հավաքներ անելու հնարավորություն չկա, հակառակ դեպքում, օրինակ, կարծում եմ՝ հեղափոխության կողմնակիցներն առնվազն մի քանի դեպքերում զանգվածային հավաքներ կանցկացնեին, ու իրենց խոսքը կասեին մի շարք կոնկրետ դեպքերի, անձանց և շրջանակների գործունեության կապակցությամբ»:
Վարչապետը կասկած հայտնեց, որ որոշ շրջանակներ չգիտեն, թե ի՞նչ է հանրահավաքը, և, որ նրանց հանրահավաքերին եկողներն իրոք իրենց կողմնակիցներն են:
«Թույլ տվեք նաև արձանագրել, որ որոշ, այսպես ասած, այդ կարգի մեկնաբանություններ տվող շրջանակներ գերագնահատում են Հայաստանում հանրահավաքներ իրականացնելու իրենց ուժը, որովհետև, եթե հանրահավաք ասելով՝ նրանք նկատի ունեն սահմանափակ թվով մարդկանց 10.000 դրամով հրապարակ բերելը, և նրանց հույսը դրա վրա է, ապա նրանց հույսերը շատ արագ կփլուզվեն արտակարգ դրության ժամանակ, թե դրա ավարտից հետո, դա որևէ կապ չունի: Իսկ հիմա մենք խնդիր ենք դրել, որ մարդիկ հնարավորինս քիչ վարակվեն, և եթե մենք այսօր գիտական հաստատությունների, բուհական համակարգի, դպրոցների գործունեությունն ենք սահմանափակել և մնացած բազմաթիվ գործունեություն, կարծում եմ, որ այդ մեկնաբանությունը տեղին չէ: Իրավական հնարավորության ի հայտ գալու պարագայում դեռ հարց է, թե ովքեր ենհեղափոխության կողմնակիցները, թե կառավարության հակառակորդներն ավելի շուտ և ավելի շատ և ավելի մեծաքանակ ու բազմաքանակ հանրահավաքներ կանեն, դեռ հարց է, թե ովքեր այդ հանրահավաքով շատ ավելի կոնկրետ, շատ ավելի գործնական, շատ ավելի արագ հարցեր կլուծեին, կամ դեռ կլուծեն էդ հանրահավաքների միջոցով: Ամեն դեպքում, կապրենք՝ կտեսնենք»,- եզրափակեց վարչապետը: