«Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն այս գործի մեջ չորրորդական է». Հովհաննես Իգիթյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշումներին:
«Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը այս գործի մեջ չորրորդական է: Հիմնական գործը, այն, որ արդեն պատրաստ է մեղադրանքը, ինձ համար դա է կարևոր: Ես մտածում եմ՝ ինչո՞ւ մեկուկես տարի տևած գործը, արդեն մեղադրանքը պատրաստ, առաջին ատյանի դատարանը չի կարողանում սկսել պրոցեսը: Ես նաև ականատես եմ եղել, նաև հետապնդվող այն ժամանակ: Ես փորձում եմ օբյեկտիվ լինել ու չպատմել իմ ընտանիքի հանդեպ, նաև իմ անձնական ու բոլոր հետապնդումները: Ես ուզում եմ, որ գործը մտնի առաջին ատյանի դատարան, ու հասարակությունը այն, ինչ մենք տեսել ենք, իմանա»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:
Ըստ նրա՝ սկզբում Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ ինքը տեղյակ չէ, որ բանակը ներգրավված է եղել պրոցեսում, հետո ասաց՝ նայեք, իմ ստորագրությունը չի, այլ՝ ՊՆ նախարարի, ես տեղյակ չեմ, հետո ասաց՝ դա բանակ չէր:
«Մի շատ կարևոր հանգամանք կա, որ ինձ համար մտահոգիչ է՝ ոչ որպես պատգամավոր, այլ՝ որպես Հովհաննես Իգիթյան: Երբ ես լսեցի Վերաքննիչ դատարանի դատավորի հարցերը և այդ երկխոսությունը Ռոբերտ Քոչարյանի հետ, մի բան կար, որ ինձ համար անընդունելի է: Ես տեսա, որ դատավորը տանում է դիսկուրս դեպի այն արժեքին, որն իր համար երևի արժեք է ներկայացնում, դա գումարն է, ու որը իր պատկերացմամբ արժեք է ներկայացնում Ռոբերտ Քոչարյանը: Ես չգիտեմ՝ Ռոբերտ Քոչարյանի համար այս 2 միլիարդը մե՞ծ գումար է, թե՞ չէ, բայց ես գիտեմ հստակ՝ այն մարդիկ, որոնք Հայաստանից խուսափելով փախել են որոշ քրեական պատախանատվությունից, մի քանիսը ՌԴ-ում են գտնվում, մեկ-երկուսը՝ Եվրոպայում, իրենք այստեղ թողել են առնվազն 5 անգամ, եթե ոչ՝ 10 անգամ ավելի գումար, այսինքն՝ իրենց ունեցվածքը, և փախել են ՀՀ-ից»,- հավելեց պատգամավորը:
Հարցին՝ արդյո՞ք այս գործերը քաղաքական հետապնդում չեն՝ Հովհաննես Իգիթյանը պատասխանեց, որ ինքն իր մաշկի վրա է զգացել այն, թե ինչ է քաղաքական հետապնդումը. «Հավատացեք, այն քաղաքական հետապնդումը, որն իրոք հետապնդում էր, մարդկանց անհայտ ձևով վերցնում էին, ու բոլոր դատավորներն անում էին այն, ինչ ուզում էին իշխանությունները: Հիմա դատարաններն անո՞ւմ են այն, ինչ ուզում է իշխանությունը»,- հարցով խոսքը եզրափակեց Հովհաննես Իգիթյանը: