«Միշտ կգտնվեն այնպիսի քաղաքացիներ, հնարավոր է՝ և «հպարտ» քաղաքացիներ, որոնք կսկսեն ակտիվանալ». Իրավապաշտպանը՝ ԱԱԾ տարածած հայտարարության մասին
Այսօր ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ԱԱԾ-ն նշել է նաև, որ սույն գործով ակնկալում է ստանալ հանրության աջակցությունը:
«Հաշվի առնելով կատարված հանցագործության ամբողջական պատկերը բացահայտելու հանրային շահը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ակնկալում է ստանալ նաև հանրության աջակցությունը և հորդորում է ՀՀ քաղաքացիներին սույն դեպքի վերաբերյալ որևէ տեղեկությունների տիրապետելու դեպքում անմիջապես իրազեկել վարույթն իրականացնող մարմնին: Հայաստանի Հանրապետության դատախազությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկելու է Վերաքննիչ քրեական դատարան»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ»,- մասնավորապես նշվում էր ԱԱԾ տարածած հայտարարության մեջ:
Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանին այս պրակտիկան հիշեցնում է ստալինյան մեթոդները:
«Դա Ստալինյան ձևերից է, որը, ի դեպ, կիրառվել է և այլ պետություններում, որտեղ իշխանության են եկել ամբողջատիրական գաղափարախոսության կրողները, քանի որ հենց ամբողջատիրական ռեժիմներն են, որ ընդգրկում են իրենց այս կամ այն գործողություններում ժողովրդի լայն խավերը կամ որոշ անդամների՝ դրանով իսկ կարծես իրենց քաղաքական կամքը ժողովրդի կամքի հետ նույնացնելով: Սա բավականին հայտնի պրակտիկա է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:
Հարցին՝ արդյո՞ք հանրության շրջանում կգտնվեն այդ «աջակիցները», իրավապաշտպանը կրկին հիշեցրեց պատմական փորձը.
«Միշտ կգտնվեն այնպիսի քաղաքացիներ, հնարավոր է՝ և «հպարտ» քաղաքացիներ, որոնք կսկսեն ակտիվանալ, որովհետև դա իրենց տալիս է հնարավորություն աչքի ընկնել նոր իշխանության մոտ՝ ոչ թե՝ զուտ ճշմարտության հայտնաբերման համար (ես չգիտեմ՝ իրականությունն ինչպես է եղել), այլ զուտ նրա համար, որ հետագայում ունենան ինչ-ինչ դրական վերաբերմունք իշխանությունից: Սա պատմական փորձ է. ես դա ոչ թե կռահում եմ, այլ ասում եմ՝ ինչպես է եղել տարիներ առաջ»: