«Որևէ մեկը թող չկասկածի՝ բոլոր դեպքերը հերթով բացահայտվելու են». Ալեն Սիմոնյանը՝ ընտրակաշառք տալու դեպքերի մասին
«Դատական համակարգում եղած խնդիրների մասին մենք բազմիցս խոսել ենք: Հետևաբար՝ կարիք չկա յուրաքանչյուր դատական նիստից հետո գնահատականներ տալ արդեն բոլորին հայտնի փաստի հետ կապված»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով երեկ Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթ վարչական շրջանի դատարանի կայացրած որոշմանը, որով մերժվեց Դատախազության միջնորդությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ:
Հարցին՝ 2017 թվականի ընտրություններից հետո՝ ինչպես լրատվամիջոցները, այնպես էլ՝ տարբեր անհատներ բարձրաձայնել էին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ փաստեր, այդ թվում՝ Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի վերաբերյալ եղավ ձայնագրության հրապարակում, ինչո՞ւ նրանց նկատմամբ ևս քրեական հետապնդում չեն սկսում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ որևէ մեկը չի կարող ասել, որ այդ ամենի հետ կապված գործեր չեն լինելու:
«Կոնկրետ մեր մի պաշտոնյայի հետ կապված գտնվել է հաշվետվություն, որին ընթացք է տրվել և քրեական գործ է հարուցվել: Ինչ ասել է՝ եթե մեկի հետ կապված չկա, ինչո՞ւ մյուսի վերաբերյալ կա, այսինքն՝ մենք չենք կարող մեկին մյուսի հետ համեմատել, և դրա հիման վրա մյուսի հետ կապված որևէ գործողություն չանե՞նք: Վերջիվերջո, ինչպես արդեն նշվել է՝ գործել է երկու տարբեր մեխանիզմ՝ չեմ ասում ինչի մասին է խոսքը, կոնկրետ որևէ մեկին նկատի չունեմ և կարծում եմ՝ բոլորը կհասկանան՝ ինչի մասին է խոսքը: Մի դեպքում պատգամավորներն են հոգացել կաշառքը և ձայների միջոցով ձևավորել են վերաբերմունք իրենց ղեկավարի մոտ և ըստ արժանվույն ստացել են իշխանության իրենց մասնաբաժինը: Մյուս դեպքում գումար է տրվել, որ տվյալ տարածքում ձայներ հավաքվի: Որևէ մեկը թող չկասկածի, բոլոր դեպքերը հերթով բացահայտվելու են: Հետևաբար՝ կարող էր լինել հակառակը, օրինակ, Սերժ Սարգսյանի հայտարարությունը Զագրեբում, դրանից հետո՝ ինչ-որ քրեական գործ ՀՀԿ-ի նկատմամբ»,- հավելեց նա:
Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի հայտարարությանը վերաբերող լրագրողի հարցին, որ ԱԺ-ն խայտառակ է լինելու, քանի որ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հիմքերը թույլ են, Ալեն Սիմոնյանը նշեց. «Կարծում եմ՝ պարոն Մարուքյանը նախ և առաջ իր հետ կապված վարկանիշին, իր խայտառակ լինել-չլինելուն կամ անհաջող իրավիճակում գտվելուն պետք է ուշադրություն դարձնի: Դատարանը Գագիկ Ծառուկյանին չի արդարացրել և չի ասել, որ այն մեղադրանքները, որոնք ներկայացվել են ԱԺ, առոչինչ է: Վերջին տարում պարոն Մարուքյանը սովորություն ունի, ինչ լինում է՝ նա նախապես ասած է լինում»:
Հարցին՝ տեղյա՞կ է եղել, որ ԱԱԾ-ն պետք է խուզարկեր Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ տեղյակ չի եղել, այդ մասին տեղեկացել է Արման Աբովյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից:
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի վերաբերյալ նախագծին՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ սահմանադրական այդ գործընթացն ավելի արագ էր պետք սկսել, ուստի ՀՀ քաղաքացիներից ներողություն է խնդրում դատական համակարգում եղած խնդիրներն այսքան երկար ժամանակով չլուծելու համար: