Պետբյուջեի կատարողականը քննարկվել է Արցախի «Արդարություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություններում
Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանի մասնակցությամբ, այսօր քննարկվել է Արցախի «Արդարություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություններում:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասել է, որ պետական բյուջեով նախատեսված գումարների արդյունավետ օգտագործման և պետբյուջեի կատարողականի վերաբերյալ խմբակցության վերջնական կարծիքը կհնչի հայտարարության տեսքով:
«Մեր խմբակցության անդամների կողմից հանդիպման ընթացքում հնչել են հուզող հարցեր, որոնց պատասխանները որոշ չափով ստացել ենք: Հիմնական մտահոգությունները կապված էին բնապահպանության և հէկաշինության ոլորտների հետ, ինչպես նաև բարձրացված որոշ հարցերի վերաբերում էին ժողովրդագրության ոլորտին և կրթական համակարգին, մասնավորապես` նոր ուսումնական տարվանից Արցախում կրթությունը կշարունակվի հեռավար տարբերակով, թե՞ ոչ: Կարծում եմ` այդ հարցը մտահոգում է ոչ միայն մեզ, այլև բոլոր դպրոցական տարիքի երեխա ունեցող ընտանիքներին»,- նշել է Դ. Գալստյանը:
Իսկ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը մեզ հետ զրույցում ասել է, որ իրենց խմբակցությունը մասնակցել է պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հանձնաժողովային քննարկումներին, և, ընդհանուր առմամբ, ստացել հուզող հարցերի պատասխանները:
Գ. Ստեփանյանը նշել է, որ դեռևս վեցերորդ գումարման Խորհրդարանի գործունեության ընթացքում ԱԺԿ խմբակցության առաջարկների զգալի մասը ընգրկված էր 2019 թ.-ի պետական բյուջեի նախագծում:
ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպմանը պատգամավորները հանդես են եկել հարցադրումներով և առաջարկներով: