«Այսօր ունենք Գագիկ Ծառուկյանի և մեր թիմի 100 տոկոսանոց հաստատակամությունը՝ երկրում փոփոխություններ իրականացնելու համար». Իվետա Տոնոյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը վստահեցնում է՝ ԲՀԿ-ի տեսակետներում որևէ փոփոխություն չի եղել, առ այն, որ իշխանությունը 100 տոկոսով պետք է փոխվի:

«Մենք խոսել ենք և բարձրաձայնել ենք երկրում տիրող օրհասական վիճակի մասին, խոսել ենք մեր մտահոգությունների և երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտության մասին: Այս իմաստով մեր տեսակետներում որևէ փոփոխություն չի եղել: Ինչ վերաբերում է պարոն Ծառուկյանին, ապա նա բազմիցս ասել է, որ անգամ իրեն կալանավորելու պարագայում մեր քաղաքական օրակարգում որևէ բան չի փոխվելու: Այսօր Գագիկ Ծառուկյանը ղեկավարում է մեր քաղաքական թիմը, և, բնականաբար, մենք շարունակում ենք առաջնորդվել մեր նախանշած օրակարգով»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է 2015  թվականի հետ տարվող համեմատականներին, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն արեց, այնուհետև հետ կանգնեց իր հայտարարությունից, Իվետա Տոնոյանն ասաց, որ իրենք առհասարակ որևէ համեմատություն չեն ուզում  անցկացնել նախկինի և ներկայի միջև:

«2015  թվականին կար իրավիճակ, երբ ընդամենը մեկ գիշերվա մեջ մեր շուրջ 700  համակիրներ ձերբակալվել էին: Կար իրավիճակ, երբ մանիպուլյատիվ լրատվամիջոցով փորձ էր արվում, որ համաժողովրդական այդ պայքարն իրականացվում է անձնական ինչ-ինչ շահերի նկատառումներով: Այդ ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ փակում է քաղաքականության էջը, որպեսզի որևէ ողբերգական հետևանք չլինի, ինչը կլիներ ամենասարսափելի բանը: Այսօր մենք ունենք Գագիկ Ծառուկյանի և մեր թիմի 100 տոկոսանոց հաստատակամությունը՝ մեր երկրում փոփոխություններ իրականացնելու համար: Սա ոմանց դուր կգա՞, թե՞ ոչ, մենք շարունակելու ենք առաջնորդվել մեր նախանշած քաղաքական օրակարգով»,- նշեց Իվետա Տոնոյանը:

Պատգամավորը նաև ընդգծեց, որ համագործակցության համար ունեն կոնկրետ գործընկերներ, ինչը  հրապարակային է, դրանք են «Հայրենիք» կուսակցությունը և ՀՅԴ-ն, որոնց հետ ունեն քննարկման եզրեր՝ մեկ միասնական օրակարգ ձևավորելու համար:

«ԲՀԿ-ի համար երբևէ որևէ բան ինքնանպատակ չի եղել, ինքնանպատակ չէ նաև այս գործընթացը, որը մենք նախաձեռնել ենք և շարունակելու ենք իրականացնել»,- ընդգծեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս