Խոսքը պետական մի մարմնի կողմից մեկ այլ մարմնի սահմանադրական լիազորությունների անթաքույց յուրացման մասին է, որը փաստացի համարժեք է սահմանադրական կարգի տապալմանը. Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

Անցած շաբաթ, ի թիվս մի շարք այլ բուռն քաղաքական զարգացումների, տեղի ունեցավ մի կարևոր իրադարձություն, որը նախադեպային է մեր իրականության մեջ։ Սահմանադրական դատարանը, քննելով ՀՀ Նախագահի կողմից ներկայացված դիմումը, եկավ այն եզրակացության, որ ԱԺ կողմից այս տարվա հունվարի 22-ին ընդունած «Բանկային գաղտնիքի մասին օրենքի» փոփոխությունները, որով փաստացի նախատեսվում էր մեզնից յուրաքանչյուրի բանկային հաշիվների մասին տեղեկությունները հասու դարձնել քննչական մարմիններին, հակասում են Սահմանադրության միանգամից մի քանի հոդվածների, և չեղարկեց դրանք։ Սա իրականում մեծ հաղթանակ է բոլոր նրանց համար, ովքեր հասկանում են բանկային գաղտնիքի իմաստը, հասկանում են, որ այն մարդու հիմնարար իրավունքների և ներդրումային միջավայրի անկյունաքարերից է, և երկրի բանկային համակարգի կայունության կարևորագույն նախադրյալ։

Այս նախադեպային որոշումը նաև հստակ բացատրում է, թե ինչու է գործող իշխանությունը ատում Սահմանադրական դատարանը, և փորձում ամեն գնով ազատվել նրանից։ Փորձելով վավերացնել կոնվենցիաներ և ընդունել օրենսդրություն, որը աղճատում է մեր արժեքային համակարգը, ստեղծում է տնտեսական գործուենության համար անկառավարելի ռիսկեր, սահմանափակում է մարդու հիմնարար իրավունքերը՝ ի շահ ագրեսիվ փոքրամասնության քաղաքական նկրտումների, գործող իշխանությունը հաճախ բախվում է Սահմանադրական դատարանին, որը այսպիսի դեպքերում կաշկանդում է նրա արկածախնդիր դրսևորումները։ Պատահական չէր, որ գործող իշխանությունը իր ամբողջ քաղաքական կապիտալը պատրաստ էր դնել Սահմանադրական դատարանը կազմացրելու հանրաքվեի մեջ, նույնիսկ ի հաշիվ սեփական ընտրողների առողջության, Հայաստանի միջազգային վարկի անշրջելի կորուստների, և մեր եվրոպական գործընկերների հետ հարաբերությունների անխուսափելի վատթարացման։ Սակայն հանրաքվեն ակնհայտորեն տապալված է, գործող իշխանությունը ինքն է փորձում հիմա հնարավոր միջոցներով այն չեղարկել, և փոխարենը գտնել նոր զարտուղիներ, որոնք հնարավորություն կտան չեզոքացնել «կամակոր» Սահմանադրական դատարանը։

Անցած շաբաթվա վերջին, օրըստօրե վատթարացող համավարակային իրավիճակի, ահագնացող մարդկային կորուստների և խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամի ֆոնին, «Իմ Քայլ»-ի մոտ 50 պատգամավորների կողմից այս անգամ էլ շրջանառության մեջ է դրվել Սահմանադրության փոփոխությունների մի նոր նախագիծ, որով նախատեսվում է հետադարձ կարգով դադարեցնել ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք ընդհանուր առմամբ արդեն պաշտոնավել են 12 տարի, և նրանց փոխարեն նոր դատավորներ նշանակել։ Խոսքը գնում է այս պահին պաշտոնավարող 9 դատավորներից 3-ի մասին, որոնց այդպիսով փոխարինելով սեփական դրածոներով, գործող իշխանությունը հույս ունի մեծամասնություն ստանալ Սահմանադրական դատարանում։ Սակայն այս նախագիծը ոչ միայն հակասահմանադրական է, այլև էլ ավելի է սրելու Հայաստանի հարաբերությունները մեր եվրոպական գործընկերներ հետ, և հետևյալ պատճառներով՝

Ա) Մեր իսկ Սահմանադրության 73 հոդվածը սահմանում է, որ «Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»։ Սա կարևորագույն սահմանադրական դրույթ է, և պաշտպանում է մեզնից յուրաքանչյուրին հնարավոր կամայականություններից։ Տվյալ դեպքում, եթե դատավորը գործող Սահմանադրությանը համաձայն, նշանակվել է պաշտոնավարման մինչև իր կենսաթոշակի անցնելը, հնարավոր չի մեկ այլ օրենքով սահմանափակել նրա պաշտոնավարումը, առանց փոխելու ընդհանրապես ամբողջ Սահմանադրությունը, և կոնկրետ նրա 73 հոդվածը։ Սա նաև ցանկացած դատական մարմնի անկախության երաշխավորման առանցքային մեխանիզմ է, գործում է բոլոր եվրոպական երկրներում, և միայն «Իմ Քայլի» երիտասարդ տաղանդներն են, որոնք համառորեն փորձում են առհամարել եվրոպական իրավական պրակտիկան, և մեզ հակառակը ապացուցել։

Բ) Վենետիկի հանձնաժողովը, որը առավել հեղինակավոր եվրոպական իրավաբանական մարմինն է, արդեն իսկ այս հարցով անցած տարի տրված կարծիքում հայտարարել է, որ ՍԴ դատավորների պաշտոնավարման դադարեցումը կարող է լինել միան կամավոր, բացառելով նրանց վրա ճնշումը, և պետք է արվի աստիճանաբար՝ որպեսզի չխաթարվի ՍԴ, որպես կարևորագույն պետական կառույցի, շարունակական աշխատանքը։ Վենետիկի հանձնաժողովը շուտով նոր կարծիք կհրապարակի, որում մեծ հավանականությամբ, կվերահաստատի նույն դրույթները, որից հետևում է նաև, որ «Իմ Քայլի» նախաձեռնությունը ակնհայտ հակասում է Վենետիկի հանձնաժողովի հեղինակավոր կարծիքին, և բերելու է եվրոպական կառույցների հետ հերթական հակադրությանը, ինչի գինը մենք վերջերս պարբերաբար վճարում ենք եվրոպական կառույցներում տարբեր հակահայկական հայտարարությունների և բանաձևերի տեսքով։

Գ) Սահմանադրության և ԱԺ Կանոնակարգի համաձայն, ԱԺ կողմից նախաձեռնած ցանկացած սահմանադրական փոփոխություն, ԱԺ կողմից առաջին ընթերցումը անցնելուց հետո, պետք է նեկայացվի Սահմանադրական դատարան, նրա համապատասխանությունը Սահմանադրությանը ստուգելու նպատակով։ Ակնհայտ է, որ այս անհեթեթ նախաձեռնությունը որևէ շանս չունի Սահմանադրական դատարանի հավանությունը ստանալու, եթե նույնիսկ ընդունվի ԱԺ առաջին ընթերցմամբ։ Մնում է, որ «Իմ Քայլը», իրեն հատուկ իրավական նիհիլիզմի ոճի մեջ, այն փորձի ընդունել երկրորդ ընթերցմամբ, առանց Սահմանադրական դատարանի կարծիքը հարցնելու։ Սակայն դա կլինի Սահմանադրության 169 հոդվածի բացահայտ խախտում, ոչ իրավազոր, և այդքանով որևէ կերպ ոչ պարտադիր կատարաման համար որևէ մեկի կողմից։ Ի տարբերություն հանրաքվեի, երբ դեռ «Իմ Քայլը» կարող էր հղում կատարել «ժողովրդի ձայնին», այստեղ որևէ ժողովրդի ձայնի նշույլ չկա անգամ, փոխարենը խոսք է գնում պետական մի մարմնի կողմից մեկ այլ մարմնի սահմանադրական լիազորությունների անթաքույց յուրացման մասին, որը փաստացի համարժեք է սահմանադրական կարգի տապալմանը։

Ամփոփելով, ցանկանում եմ նշել, որ «Իմ Քայլը» վերջին մեկ ու կես տարիների ընթացքում առանձնացել է դատաիրավական ոլորտում իր ձեռնարկած նախաձեռնությունների իրավական տգիտությամբ և անհետևողականությամբ, որի արդյունքում դրանք մեկը մյուսի հետևից տապալվել են։ Տապալված հանրաքվեին պետք է գումարել դատարանների վրա ձեռնարկած խայտառակ հարձակումը, բարեհաջող մոռացված անցումային արդարադատությունը և դատավորների «վեթինգը», կոնկրետ դատավորների դեմ պարբերաբար նախաձեռնվող ատելության արշավները (վերջինը՝ տառացիորեն անցյալ շաբաթ), և այլն։ Ես համոզված եմ, որ «Իմ Քայլի» նախաձեռնած հերթական արկածախնդրությունը ևս կտապալվի, և նրա 88 «ժրաջան» պատգամավորները վերջապես հանգիստ կթողեն Սահմանադրական դատարանը և կփորձեն զբաղվել իրենց անմիջական պարտականությունների կատարմամբ։ Մինչ այդ սակայն, իրավագիտակից և պատասխանատու մարդկանց և կազմակերպություններին դեռ պետք է լինելու պայքարել այս հերթական անհեթեթ նախաձեռնության դեմ, և բոլոր հասու իրավական և քաղաքական միջոցներով արգելափակել նրա իրականացումը»։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆԱնցած շաբաթ, ի թիվս մի շարք այլ բուռն քաղաքական զարգացումների, տեղի ունեցավ մի կարևոր…

Gepostet von Avetik Chalabyan am Sonntag, 21. Juni 2020

Տեսանյութեր

Լրահոս