Եթե դուք չեք դիմում ՍԴ, ապա Ձեր արարքը համապատասխանում է իշխանության յուրացում և սահմանադրական կարգի տապալում հանցակազմերին. Արփինե Հովհաննիսյանն՝ «իմքայլականներին»

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Իմ քայլի» նախաձեռնությանը, որով դադարեցվում է ՍԴ որոշ անդամների լիազորությունները։ Նա մասնավորապես դիմել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ նշելով, որ եթե նրանք չեն դիմում ՍԴ, ապա իրենց արարքը համապատասխանում է իշխանության յուրացում և սահմանադրական կարգի տապալում հանցակազմերին։ Հովհաննիսյանի գրառումը՝ ստորև․

«Եթե այն ինչ հրապարակվել է մամուլում սահմանադրական հեղաշրջման մասով, ապա՝

Հարգե՜լի խորհրդարանական ընդդիմություն,

Ձեզ եմ ներկայացնում Վենետիկի հանձնաժողովի այսօր հրապարակվելիք կարծիքի 60-րդ կետը, որտեղ բառացիորեն նշված է, մեջբերում եմ.

«Հայաստանի Սահմանադրության 168( 2) և 169(2)-րդ հոդվածները նախատեսում են սահմանադրական փոփոխությունների սահմանադրական վերանայումը (ստուգումը):168(2)-րդ հոդվածը, սահմանում է, որ Սահմանադրական դատարանը մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը: Նման վերանայման(ստուգման) ՊԱՐՏԱԴԻՐ բնույթը հստակորեն սահմանված է 169(2) հոդվածում, որի համաձայն Ազգային ժողովը 168(2) հոդվածով նախատեսված դեպքերում դիմում է (պետք է դիմի ) Սահմանադրության փոփոխության հարցով:»

Պետք է նշել, որ հաջորդիվ տեքստում (69) Հանձնաժողովը նշել, է, որ եթե Սահմանադրությունը, ինչպես օրինակ Հայաստանի Սահմանադրությունը, նախատեսում է նման ex ante (նախնական) վերնայման հնարավորություն, ապա նման կանոնը պետք է պահպանվի:

Հարգելի’ պատգամավորներ,

Այլ կերպ ասած, եթե դուք չեք դիմում Սահմանադրական դատարան, ( ինչ խուճուճ ու ախմախ հիմնավորմամբ էլ դա լինի) ապա Ձեր արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի իշխանության յուրացում և սահմանադրական կարգի տապալում հանցակազմերին:

Իշխանափոխությունից հետո տարբեր դրվագներով տարբեր մարդիկ բազմիցս տապալել են սահմանադրական կարգը, բայց նման հավաքական կերպով իշխանություն յուրացնելու և սահմանադրական կարգ տապալելու դեպք դեռևս չի եղել:

Անիրավության այսքան բարձր նշաձող երբևէ դեռևս չի սահմանվել:

Ավելին, առանց սահմանադրական վերահսկողության սահմանադրական փոփոխությունները միանգամից ապալեգիտիմացնում է նաև հետագայում ընտրվելիք ՍԴ դատավորներին:

Հարգե՜լի խորհրդարանական ընդդիմություն

Եթե դուք իրապես հետևողական եք ձեր քաղաքական առաջնայնություններում և պայքարում, ապա վստահաբար կարող ենք արձանագրել, որ չդիմելով Սահմանադրական դատարան, դուք ևս մասնակից կդառնաք իշխանության կողմից բեմադրված հերթական խայտառակությանը` անկախ այն հանգամանքից կողմ կքվեարկեք նախագծին,թե ոչ:

Հարգելինե՜ր

Այս նախագիծը այլևս արտակարգ դրության հետ կապ չունի: Նախագծի ընդունումը կամ չընդունումը Հայաստանի միջազգային իրավական հեղինակության հարցն է: Մի հանդուրժեք, որ այն հերթական անգամ իշխանության կողմից տրորվի:

Կից նկարում՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի 60-րդ կետը։ Ժամեր անց այն կլինի հրապարակային։ Մեկնաբանություններում ձեզ համար կտեղադրեմ նաեւ վերաբերելի կետերը»։

Եթե այն ինչ հրապարակվել է մամուլում սահմանադրական հեղաշրջման մասով, ճիշտ է, ապա՝Հարգե՜լի խորհրդարանական…

Gepostet von Arpine Hovhannisyan am Sonntag, 21. Juni 2020

Տեսանյութեր

Լրահոս