Բաժիններ՝

«Հին Երևան» երկո՞ւս են ուզում անել, ամեն ինչ նմանեցվում է Հյուսիսային պողոտայի՞ն․ Քաղաքաշինության դոկտորը՝ Ֆիրդուսի թաղամասի մասին

Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստում հունիսի 13-ին քննարկվեց հասարակական հետաքրքրություն ներկայացնող՝ Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի կառուցապատման հարցը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը տեղեկացրեց, որ 2015թ․ մշակվել է կառուցապատման հայեցակարգը, որը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի և Ճարտարապետների միության հետ, ապա հաստատել են Քաղաքաշինության նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը։ Հայեցակարգը՝ սկսած 2015 թվականից, բազմիցս հրապարակվել և ներկայացվել է հանրությանը։

2018թ․ մարտին կառավարությունը վերահաստատել է գերակա հանրային շահը՝ արդեն նոր մոդելով։ Տարածքը բաժանվել է 19 նոր լոտերի, ներգրավվել են տեղական և օտարերկրյա ներդրողներ։ Ինչ վերաբերում է հուշարձան հանդիսացող և չհանդիսացող շենքերին, ապա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարն ասաց. «Տարածքում առկա է 8 հուշարձան շենք, որոնք ընդգրկված են ՀՀ կառավարության 2004 թվականի ցանկում, և մեր աշխատանքային խմբի կողմից ու փոխվարչապետի հանձնարարությամբ այդ շենքերը ծրագրից դուրս են բերվել և շուտով կառավարության որոշմամբ դուրս կբերվեն նաև գերակա շահերի որոշման մեջ տեղ գտած գույքերի ցանկից։

Իսկ հունիսի 19-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ հաշվի առնելով Ֆիրդուսի թաղամասի շուրջ տեղի ունեցած հասարակական քննարկումները` կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում մի շարք դրական փոփոխություններ են մտցրել կառուցապատման նախագծում:

«Մասնավորապես որոշվել է․

Հուշարձանային տարածքում գտնվող Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանել իրենց տեղերում, վերարժևորել շենքերի ետնամասի ֆասադները և տվյալ տարածքների համար ստեղծել նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր՝ 2-4 հարկանի պատմական շենքերով, փայտե պատշգամբներով և հուշարձան շենքերի միջև 200մ հետիոտնային ճանապարհով:

Այս տարածքում, 1-ին և 2-րդ հարկերում նախատեսվող սրճարաններից և հուշանվերների խանութներից բացի, ներկայումս կառուցապատողների հետ քննարկում ենք պատմական միջավայրի տարածքում՝ 2-րդ և 3-րդ հարկերում, ստեղծել մշակութային հայտնի գործիչների թանգարաններ»։

Այս փոփոխությունները կփարատեն մտահոգությունները և Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագիրը էլ ավելի լավը ու ամբողջական կդարձնեն»,- գրել է փոխվարչապետը:

«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը կարծում է, որ նոր, գաղափարի նախագիծ պետք է արվի, ապա նոր մշակման տրվի։

«Մասնագետները հույս ունեին, որ Երևանի հին պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի պահպանման ցուցակը, որը լավ մշակվեց 1980-ական թթ․վերջին և ընդունվեց, դա առաջ կբերվի հեղափոխությունից հետո։ Երբ Հյուսիսային պողոտան պետք է կառուցեին՝ 2000թ․, այդ ցուցակը չեղյալ համարվեց։ Ու օրենքով, այդ դեպքում գործելու էր դրան նախորդող ցուցակը, որը 1978 թվականի է, և հուշարձանները սակավ են այդտեղ ներկայացված։ 4 տարի այս հին ցուցակը գործեց, իսկ 2004 թվականին էլ ավելի սակավ հուշարձաններով ցուցակ ընդունվեց։ Խարդախություն է եղել՝ Հյուսիսային պողոտային հարակից շենքերից ազատվելու համար։ Արդեն որերորդ հուշարձանն է քանդվում։ 1989 թվականից լավ ցուցակ հիմա չեն կազմի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարիամ Խաչատրյանը:

Նաև հավելեց․ «Միխայիլ Գորբաչովի ղեկավարության ժամանակ երկու շարժում էր սկսվել՝ հուշարձանների և էկոլոգիայի պահպանության, և այդ ժամանակ նախկին սովետական հանրապետություններում այդ ցուցակները վերանայվեցին և լրացվեցին։ Հիմա, եթե այդ ցուցակով շարժվեն, ավտոմատ կերպով ահագին շենքեր հուշարձանի կարգավիճակ կունենան։ Ինչ վերաբերում է Ֆիրդուսի թաղամասին՝ փոխվարչապետը գրել է՝ 2-4 հարկանի շենքեր են լինելու։ Եթե հուշարձան է, ապա մնացած կոնցեպտը պետք է բխի շենք-հուշարձանից, ոչ թե Նարեկ Սարգսյանի հիմիկվա նախագիծը մնա, դա էլ մի տեղ խցկենք։ «Հին Երևան» երկո՞ւս են ուզում անել։ Ֆիրդուսի թաղամասի 2-3 շենք նույնիսկ 2004 թվականի ցուցակում կա։ Այդ հուշարձաններն իրենց տեղում և իրենց տեսքով պետք է պահպանվեն։ Ֆունկցիան փոխելով՝ ամբողջությունը չպետք է կորցնի։ Ուղղակի ինչ-որ մի տեղ չպետք է խցկեն շենքը։ Նախագծում գրված է, որ տարածքին պետք է ներդաշնակ լինի, այսինքն, ամեն ինչ նմանեցնում են Հյուսիսային պողոտայի՞ն»։

Խոսելով պատմամշակութային հուշարձանների ցանկի թարմացման մասին՝ քաղաքաշինության դոկտորն ասաց, որ դա կարծես թե բարդ գործընթաց է, ինչ վերաբերում է հանձնաժողովին, ապա, նրա կարծիքով՝ կրկին գուցե անկողմնակալ չլինեն։

«Ամենաճիշտը 1989-90թթ․ցուցակը վերականգնելն է։ 1989թ․նոյեմբեր-դեկտեմբերին գրվել և 1990թ․հաստատվել է։ Ավտոմատ ձևով թող դա ընդունեն։ 20 տարի խարդախություն է եղել, քանի որ այս ցուցակն անվավեր է համարվել։ Ինչո՞ւ է բոլոր նախագծերի տակ Նարեկ Սարգսյանի անունը, այս հարցի պատասխանը կարո՞ղ եմ իմանալ։ Ինչո՞ւ մրցույթ չի եղել անգամ այդ թվականներին։ Բոլոր նախագծերը Նարեկ Սարգսյանն է անում, բա դա չարաշահում չէ՞։ Ամեն մի քաղաք իր պատմությունը պետք է ունենա, բայց ամեն շերտ վերացնում են, հետո էլ ասում են, թե Երևանը Հռոմից հին է։ Հռոմեացուց հին քաղաքացի՝ բա ո՞ւր է քո վեհ գաղափարը, ո՞ւր են կառույցները։ Ոչ մի բան չկա։ Մեկ բան էլ կա՝ եթե ուզում ես ազգին, երիտասարդությանը պահել այդ հողի վրա, առաջինը ժառանգություն պետք է լինի։ Եթե դա չկա՝ ինքը չի զգում դա, դրա համար կարող է թողնի ու գնա ուրիշ տեղ, որովհետև իր արմատները չի զգում այդ հողում, ինչքան էլ դպրոցում վերացական պատմությունը սովորի։ Օրինակ, ֆրանսիացիներն ասում են՝ երկու բան պետք է տաս քո երեխային․մեկ արմատները պետք է շատ խորը և ուժեղ լինեն, մեկ էլ՝ թևերը, որ նա կարողանա թռչել։ Շատ զբոսաշրջիկներ կան, որ գալիս են, Երևանում են ուզում շրջել, մյուս վայրեր չեն գնում, ի՞նչ եք ցույց տալու, կամ ինչպե՞ս եք շահագրգռելու, որ գնա Լոռի։ Եթե Երևանում հին շենքեր, հուշարձաններ չտեսավ՝ գուցե էլ չգնա Լոռի»,- նշեց Մարիամ Խաչատրյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս