«2016-ի մարտական գործողությունների ժամանակ օդային տարածքը պաշտպանված է եղել». Սեյրան Օհանյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2016-ին Ստեփանակերտի օդն անպաշտպան է եղել, մինչդեռ այսօր Արցախի օդն ամբողջությամբ պաշտպանված է՝ ընդգծելով, թե պատահական չէ, որ 2019 թվականը բանակի սպառազինության առումով համարել է շրջադարձային:

«Ես չեմ ուզում անդրադառնալ այն մարդկանց, որոնք փորձում են ամեն ինչ սևացնել կամ քննադատել, այդ թվում՝ ձեռք բերված զենքի հետ կապված` անվանելով հին, հնամաշ, չաշխատող: 2016 թվականին մենք կերազեինք, որ այդ նույն զենքից ունենայինք»,- շեշտել է Հարությունյանը:

Հարցին՝ դա կփոխե՞ր զոհերի թիվը, Հարությունյանը պատասխանել է․ «Գիտեք՝ ոչ։ Խոսքը եթե հակաօդայինի մասին է, ապա օդային հարձակում տեղի չի ունեցել, բայց մենք շատ ավելի անպաշտպան էինք, շատ ավելի անպաշտպան: Չեմ ուզում փակագծեր բացել. Ստեփանակերտն անպաշտպան էր, Ստեփանակերտի օդն անպաշտպան էր 2016 թվականին: Չեմ ուզում ամբողջ մանրամասներն ասել, բայց այսօր ուզում եմ վստահ հայտարարել՝ ոչ միայն Ստեփանակերտի օդն է պաշտպանված, այլև Արցախի օդն է պաշտպանված ամբողջությամբ: Եվ այդ նույն հակաօդային պաշտպանության բնագավառում մեծ տեղ է հատկացվել իրենց նշած այդ հին, չաշխատող սարքավորումներին, որոնք արդեն իսկ իրենց դերը խաղացել են: Բացի դրանից, նոր հակաօդային միջոցներ են ձեռք բերվել, ու այսօր օգտագործում ենք Արցախի օդը պաշտպանելու առումով: Գիտեք` ամենախոցելին մեզ համար օդն էր, և այդ վտանգը կար 1992-1994 թվականներին, երբ հազիվ էինք պաշտպանում, չնայած որ Ստեփանակերտը միշտ բաց էր, և հակառակորդն օգտվում էր այդ հնարավորությունից և հաճախակի էր հարվածում Ստեփանակերտին: Բայց ոչ միայն Ստեփանակերտին, այլև Ղափանին, Գորիսին և այլն: Այսօր մենք ունենք ավելի ապահով օդ, այսինքն՝ ՀՕՊ հնարավորություններն այնպիսին են, որ համոզված կարող եմ հայտարարել՝ այդ նույն խնդիրը չի լինի»,- ասել է Հարությունյանը՝ հիշեցնելով ՀՀ ԶՈՒ ավիացիոն հնարավորությունների մասին:

168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը 2016-ին Ստեփանակերտի, Արցախի օդային տարածքի անպաշտպան լինել-չլինելու առնչությամբ նշեց.

«Անկասկած, տարիների ընթացքում հակաօդային պաշտպանությունը կատարելագործվում է, 2016-ի մարտական գործողությունների ժամանակ օդային տարածքը պաշտպանված է եղել: Եվ, իհարկե, կրկնում եմ՝ այս տարիների ընթացքում հակաօդային պաշտպանությունը կատարելագործվում է, և հիմա առավել քան պաշտպանված է»:

Հարցին, այսինքն՝ Ապրիլյան դեպքերը քննող ԱԺ հանձնաժողովում արցախյան օդային տարածքի անպաշտպան լինելու հարց չի՞ քննարկվել, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ապրիլյան հանձնաժողովում քննարկված հարցերն Ապրիլյան հանձնաժողովի իրավասության ներքո են: Բայց, ընդհանուր առմամբ, կասեմ, որ 2016-ին մեր հակաօդային պաշտպանությունը պատրաստ է եղել: Սակայն 4 տարի է անցել, և այս ընթացքում, գիտենք, թե ինչ միջոցներ են ձեռք բերվել, և հիմա ավելի պաշտպանված է»:

ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը մեր հարցին, թե համաձա՞յն է Արցախի նախագահի դիտարկման հետ, որ 2016-ին Ստեփանակերտի օդն անպաշտպան է եղել, պատասխանեց.

«Ես հեռախոսով նման հարցեր չեմ մեկնաբանում»։

Մեր դիտարկմանը, որ ընդամենը ցանկանում ենք պարզել իր կարծիքը՝ համաձա՞յն է, թե՞ ոչ, և ոչ ավելին, Հակոբյանն ասաց. «Ես նախագահի ասածը չեմ մեկնաբանում»:
Հիշեցնենք, որ 2016-ին Մովսես Հակոբյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալն էր, այդ պաշտոնին նշանակվել էր 2015թ. հունիսի 15-ին:

Տեսանյութեր

Լրահոս