«Ամբողջ դատական համակարգը թիրախավորված է». Տարոն Սիմոնյան
Երեկ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը և ազատ արձակեց Երկրորդ նախագահին։ Դատարանը որոշեց Ռ․ Քոչարյանի նկատմամբ կիրառել գրավ 2 մլրդ դրամի չափով։
Որոշման հրապարակումից հետո դատավոր Արսեն Նիկողոսյանի անձի վերաբերյալ հնչեցին կարծիքներ առ այն, որ վերջինս նման որոշում է կայացրել, քանի որ Քոչարյանին պաշտպանող ուժերի ազդեցության տակ է, հակառակ դեպքում նման որոշում չէր կայացնի։ Ավելին՝ դատավորի և նրա ընտանիքի հասցեին համացանցում հնչեցին վիրավորական խոսքեր, բռնության կոչեր, հայհոյանքներ։
Ավելին, դատավորին և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին թիրախավորել էր նաև Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ հրապարակելով վերջինիս մանկահասակ երեխայի լուսանկարը՝ վիրավորանք պարունակող գրառմամբ: Նա նույնիսկ չէր հեռացրել իր գրառման տակ օգտատերերի հայհոյախառն գրառումները, որի կապակցությամբ երեկ հայտարարություն արեց նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը. «Բացարձակ մերժելի երևույթ է, երբ մանկահասակ երեխայի նկարն օգտագործելով՝ երկրի Հանրային խորհրդի նախագահն անում է այնպիսի գրառում, որով երեխային դարձնում է ատելության թիրախ: Առավել մտահոգիչ է, որ այդ գրառման ներքո արվող արժանապատվությունը նսեմացնող ու ատելություն գեներացնող մեկնաբանությունները չեն հեռացվում»:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արսեն Նիկողոսյանի հասցեին եղած վիրավորանքներին՝ նշեց, որ Ա. Նիկողոսյանն իր դասախոսն է եղել, միասին դասավանդել են ԵՊՀ-ում, միասին են սովորել նաև Բոստոնում։
«Արսեն Նիկողոսյանը նաև իմ ընկերն է։ Ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ նա այն մարդկանցից է, որը երբեք որևէ ազդեցության չի տրվի արդարադատություն իրականացնելիս։ Նա երդվյալ իրավապաշտպան, իրավաբան է, ով երբեք իրեն թույլ չի տա օրենքից ու Սահմանադրությունից դուրս որոշում կայացնել։ Անգամ, եթե ես նրան ինչ-որ բան խնդրեմ, ասեմ՝ կյանքի ու մահու հարց է, ապա նա օրենքից ու Սահմանադրությունից երբեք չի շեղվի։ Նա մեր բացառիկ իրավաբաններից մեկն է, դրանում ես վստահ եմ»,- ասաց պատգամավորը։
Հարցին՝ նման որոշում կայացնելու արդյունքում, հնարավո՞ր է՝ Արսեն Նիկողոսյանը թիրախավորվի իշխանությունների կողմից, քանի որ նման նախադեպ եղել է դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ, երբ վերջինիս որոշմամբ փոխվեց Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը, նրա դեմ քրեական գործ հարուցվեց, Տարոն Սիմոնյանը պատասխանեց.
«Ոչինչ չեմ բացառում, հիմա ամբողջ դատական համակարգն է թիրախավորված, ու ինչպես հասկանում եմ՝ բացառություն չի արվում, չի տարանջատվում լավ ու վատ դատավոր։ Բոլորին մի արշինով են նայում, և այդ արշինն ըստ էության այն է, թե արդյո՞ք իրենց կամքին համապատասխան որոշում ընդունող է դատավորը, թե՞ ոչ»։