Մերժվել է «ԹԻՄ» ՍՊ ընկերության լիցենզիա ստանալու դիմումը
Այսօր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:
Նիստի օրակարգում ընդգրկված էր «ԹԻՄ» ՍՊ ընկերության ՀՀ տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու դիմումի վերաբերյալ հարցը:
Ներկայացնելով հարցը Հանձնաժողովի իրավաբանական բաժնի պետը նշել է, որ Ընկերության կողմից չեն ներկայացվել պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերից դիմումատուի հիմնադիր փաստաթղթերի պատճենները և ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթերը, որոշ փաստաթղթեր եղել են ոչ հայերեն լեզվով, հակասելով «Լեզվի մասին» ՀՀ օրենքին և այլն: Քննարկելով դիմումը ակնհայտ է եղել, որ ներկայացված գործարար ծրագիրը հնարավորություն չի տալիս հստակ և ամբողջական պատկերացում կազմել մատուցվելիք ծառայությունների և պլանավորված աշխատանքների, Ընկերության առջև դրված խնդիրների, դրանց հաղթահարման ուղիների, ինչպես նաև նպատակների և դրանց հասնելու միջոցների վերաբերյալ:
Միևնույն ժամանակ նշելով, որ ներկայացված փաստերի առկայության դեպքում՝ համաձայն ՀՌՀ և Լիցենզավորման մասին օրենքների, ինչպես նաև Հանձնաժողովի «Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 51-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթների դիմումը ենթակա է մերժման:
Նիստին ներկա Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ Հանձնաժողովի կողմից ներկայացված բոլոր դիտողությունները ընդունելի են: