«Ինչ խոսք, անցյալում վերաբերմունքը, հոգատարությունը, ուշադրությունը շատ ավելի մեծ էր». Սմբատ Լպուտյան
168.am-ի զրուցակիցը Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, հայ շախմատիստ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանն է:
– Պարոն Լպուտյան, հայտնի փաստ է, որ Հայաստանում շախմատը մեծ հետաքրքրություն է վայելում: Այս պահին ինչպիսի՞ հետաքրքրություն կա այս սպորտաձևի նկատմամբ, արդյոք այն շարունակո՞ւմ է պահանջված մնալ երիտասարդների շրջանում:
– Շախմատն ամբողջ հանրապետությունում շատ ընդունված խաղ է և շատ ակտիվ է ամենուր: Մենք ունենք 50-ից ավելի մասնաճյուղեր ամբողջ հանրապետությունում, և ամենուր երեխաների մեծ հոսք է դեպի շախմատ: Արդեն 9 տարի է, ինչ դպրոցներում են շախմատ անցնում, բնականորեն այնտեղից նույնպես շատ երեխաներ ուզում են ավելի զարգացնել: Այսօր ոչ միայն երեխաները, այլև ծնողները, տատիկները, պապիկները, դարձել են շախմատի հարազատ անդամ: Սա ասում եմ, որովհետև երբ մենք հեռավար վերապատրաստումներ ենք անում, վերջին ժամանակներս 900 ուսուցիչ ենք վերապատրաստել, այդ ժամանակ բոլոր ուսուցիչներն ասում են, որ հեռավար դասավանդման ժամանակ որքան ակտիվ են եղել ծնողները, տատիկները, պապիկները, որքան իրենք ուրախ են, որ շախմատը կա, ու իրենք էլ իրենց երեխաների հետ սովորում են: Շախմատն իրականում այսօր Հայաստանում դարձել է սիրված ու շատ գնահատված խաղերից:
– Շախմատի նկատմամբ նախկին իշխանությունների վերաբերմունքն առանձնահատուկ էր: Նրանց օրոք շախմատը դարձավ դպրոցական պարտադիր ուսուցման առարկա: Ինչպիսի՞ վերաբերմունք ունի գործող իշխանությունն այս սպորտաձևի նկատմամբ:
– Կարծում եմ՝ նորմալ է, քանի որ շախմատը դպրոցներում այսօր նույնպես նույն ակտիվությամբ իրականանում է: Շախմատի բոլոր մասնաճյուղերը, բոլոր այն դպրոցները, որոնք բացվել են և՛ Երևանում, և՛ բոլոր համայնքներում, ևս գործում են: Շախմատն այնպիսի խաղ է, որ չեմ կարծում՝ իշխանություններն այսօրվա, ներկա անցյալ… Ինչ խոսք, անցյալում վերաբերմունքը, հոգատարությունը, ուշադրությունը շատ ավելի մեծ էր, բայց այն, ինչ կա այսօր, պահպանվում է, որովհետև բոլորս գիտակցում ենք, որ, եթե կա մի լավ բան, ապա պետք է փայփայենք, օգնենք, տարածենք, և դրանից շատ օգուտ քաղենք: Ես մեծ տարբերություն չեմ զգում, աշխատանքներն ընթանում են:
– Անցած տարի ֆինանսավորման դադարեցման պատճառով փակվեց Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի դպրոցը: Քննարկվում էր նաև շախմատը դպրոցական ծրագրերից հանելու, կամ այն ոչ պարտադիր դարձնելու հարցը: Ձեր կարծիքով՝ ինչի՞ մասին են խոսում այս քայլերը, ինչո՞վ են պայմանավորված:
– Անխոս, շատ եմ տխրում, երբ որ որևէ օջախ փակվում է, առանձնապես՝ Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի դպրոցը, որտեղ մեր շատ լավագույն սաներ տեղափոխվել էին: Այդ դպրոցի հանդեպ մի փոքր ավելի մեծ ուշադրություն էր պահանջվում, որը ներկա իշխանությունը չկարողացավ ապահովել: Իհարկե, ցավում եմ, որ փակվեց այդ դպրոցը: Ինչ վերաբերում է դպրոցների հետ կապված մոտեցումներին: Այդպիսի խոսակցություններ լինում են, ես մի փոքր ցավում եմ, որովհետև հիմնականում խոսում են մարդիկ, որոնք երբևիցե այնքան չեն մոտեցել, որ տեսնեն, թե ինչպիսի արժեքներ է պարունակում շախմատը կրթական համակարգում: Կարծում եմ՝ դա ուղղակի ժամանակավոր վերաբերմունք է, բայց ժամանակի ընթացքում, կարծում եմ, դա ևս կհաղթահարվի, որովհետև շախմատն իսկապես շատ դրական է, շատ օգտակար է երեխայի մտածելակերպի, նրա արժեքների, զարգացման համար, ամեն մի ծնող, ամեն մի քաղաքացի կուզենա իր երեխայի մեջ տեսնել այն որակները, որը շախմատը կարող է տալ:
– Դուք ինչպե՞ս եք գնահատում դպրոցում շախմատ առարկայի ուսուցումը:
– Բոլոր առարկաներում մենք ունենք խնդիրներ, առաջին խնդիրն ուսուցիչն է: Շախմատն ընդամենը 9 տարի է, ինչ ընդգրկվել է, մյուս առարկաներն արդեն շատ-շատ երկար տարիներ են: Եթե անկեղծ նայենք, վերլուծենք, հետազոտենք, թե ո՞ր առարկան ի՞նչ վիճակի մեջ է, վստահ եմ, որ շախմատը կլինի լավագույններից մեկը: Մեր ուսուցիչների որոշ մասը դեռ ունի մասնագիտական որակները բարելավելու կարիք: Դրա շուրջ մենք բավականին մեծ աշխատանք ենք կատարում, տարին մի քանի անգամ վերապատրաստումներ են տեղի ունենում․ հենց այսօր, հենց հիմա տեղի է ունենում ուսուցիչներին վերապատրաստողների վերապատրաստում: Մենք միշտ աշխատանքի մեջ ենք, փորձում ենք օգտակար լինել մեր ուսուցիչներին, որ ունենանք ավելի լավ ուսուցիչներ, որ արդյունավետությունն ավելի բարձր լինի: Քանի որ ինքը նոր է, և ինչ-որ տեղեր լինում է, որ արդյունավետությունը ցածր է լինում, այդ դեպքում սկսում են խոսել, իսկ վատն ընդհանրապես սիրում են մարդիկ խոսել: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ շախմատ առարկան բավական լավ վիճակում է, բայց դրանով մենք չենք բավարարվում, ուզում ենք, որ այն լինի լավագույններից մեկը, եթե ոչ՝ լավագույնը, քանի որ աշխարհն այսօր սևեռված է դեպի Հայաստան, որովհետև շատ-շատ երկրներ են մտածում, ուզում, ինչպես Հայաստանը, շախմատային գրքեր ունենալ, ուզում են գալ, տեսնել, և մենք պետք է լինենք այնպիսին, որ լինենք օրինակելի և օգտակար մյուս երկրներին:
– Դուք բազմիցս Ձեր հարցազրույցներում, ելույթներում ասել եք, որ Հայաստանը շախմատի ասպարեզում աշխարհում առաջատարներից է: Մենք շարունակո՞ւմ ենք պահպանել մեր դիրքերը:
– Փորձում ենք: Օրինակ, այս կորոնավիրուսի ժամանակահատվածում սպորտային ակտիվությունը քչացել է, բայց հավատացեք՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիան անչափ մեծ աշխատանք է կատարել: Անցկացվել են բազմաթիվ հանդիպումներ, իհարկե, հեռավար, տարբեր երկրների հետ: Եղել են և՛ Բելառուսի հետ, Ղազախստանինը Երևանի ֆեդերացիան փորձեց կազմակերպել, մեր պատանի շախմատիստները խաղացին Եվրոլիգա, որը նոր մրցաշար էր, և մի քանի փուլեր անցնելով՝ եզրափակիչ փուլ դուրս եկան Ռուսաստանի հետ և հաղթեցին մեր պատանիները: Վերջերս եղավ ակադեմիաների միջև մրցաշար՝ 4 երկրների, այնտեղ նույնպես մեր թիմը հաղթեց: Ամենուր, որտեղ մենք փորձում ենք մասնակցել, հիմնականում հաջողություններ ենք ունենում:
Գաբրիել Սարգսյանը եվրոպական առաջնությունում գրավեց 3-րդ տեղը, Սերգեյ Մովսիսյանը՝ 4-րդ տեղը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթը, Զավենը՝ բոլորը լավ մրցաշարերում առաջին տեղեր են գրավել: Երեկ Տիգրան Պետրոսյանի ծնունդն էր, 162 մասնակից մասնակցում է մրցաշարի: Այսօր Արսեն Եղիազարյանի ծնունդն է, ով մեզանից հեռացավ 2 ամիս առաջ, այսօր նույնպես մրցաշար է լինելու: Հայաստանը որպես երկիր՝ լավագույններից մեկն է, որը տալիս է դրական իմպուլսներ:
– Ի՞նչ խնդիրներ ունի այս պահին Շախմատի ֆեդերացիան և առհասարակ շախմատը մեր երկրում: Ստանո՞ւմ է ֆեդերացիան պետական բավարար աջակցություն:
– Քանի որ շախմատի ֆեդերացիան աշխատում է, և սպորտային այդպիսի մրցաշարեր այս ընթացքում մենք չունենք, հիմա հիմնականում հեռավար է լինում, եթե լինում են խնդիրներ, փորձում ենք հնարավորինս շտկել, իհարկե, այնքան հարթ չէ, որքան առաջներում է, բայց քանի որ ինքը լավ արժեք է, կարծում եմ՝ այդ արժեքները գիտակցվում են: Բնականորեն բոլոր տեղերում էլ այսօր խնդիրներ կլինեն, կրճատվում են ֆինանսները, իրավիճակը դժվար է, հնարավորություններն են քչանում, մրցաշարերն են քչանում, բայց քանի որ շախմատը համակարգչային հնարավորությունների մեջ է, մենք այդքան խնդիրներ չենք զգում: Աշխատանքները նորմալ ընթանում են:
– Ֆեդերացիա-պետություն համագործակցությանը չի՞ խանգարում այն հանգամանքը, որ Ֆեդերացիայի խորհրդի կազմում շարունակում են մնալ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլք:
– Շախմատի ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է, և ինքը պետք է փորձի այն հոգսը, հոգատարությունը, որը վերցրել է իր վրա, որքան կարող է՝ լավ իրականացնել:
Այսօր ֆեդերացիայի նախագահը Սերժ Սարգսյանն է: Նրա 16 տարիները մեր շախմատի պատմության ամենափայլուն տարիներն են եղել, և անխոս, իր ներդրումը եղել է ահռելի մեծ, որևէ մեկը չի կարող դա չտեսնել, չգնահատել:
Տարոն Մարգարյանի օրոք մենք ունեցանք 12 շախմատի դպրոց, այսօր 2000-ից ավելի երեխաներ կարողանում են անվճար այդ դպրոցներում զարգացնել իրենց ունակությունները, դա երջանկություն է ամեն մի ծնողի և երեխայի համար, որ ամեն մի համայնք ունի շատ լավ շախմատի դպրոց: Տիգրան Սարգսյանը մեծամասամբ Մոսկվայում է, իր օգտակարությունը քիչ է եղել, բայց Սերժ Սարգսյանի և Տարոն Մարգարյանի գործոնն ահռելի է եղել, բոլորը դա տեսել են, գնահատել են: Դա պետք է միայն ողջունել և շնորհակալություն ասել: Դրանից միայն շահել է մեր հանրապետությունը՝ իր հաղթանակներով և լավ ներկայացմամբ ամբողջ աշխարհում:
Հարցազրույցի վերջում Սմբատ Լպուտյանն ասաց, որ Թուրքմենիայի և Ղրղըզստանի շախմատի ֆեդերացիաները դիմել են Հայաստանի ֆեդերացիային շախմատի ասպարեզում օգնության համար: Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահը նաև ավելացրեց.
– 32 տարի խաղացել եմ Հայաստանի հավաքականից, դարձել ենք օլիմպիական չեմպիոն, դարձել ենք Եվրոպայի չեմպիոն, մի քանի անգամ՝ աշխարհի բրոնզե մեդալակիր, օլիմպիական բրոնզե մեդալակիր, ունեցել ենք անհաջողություններ նույնպես: Քանի որ ես միշտ եղել եմ այդ իրավիճակներում, մի բան կարող եմ ասել, երբ որ մենք միասնական ենք մեր մտածելակերպով, մեր ձգտումներով, մեկս մյուսի հանդեպ մեր վերաբերմունքով, մենք ահռելի ուժ ենք դառնում, դառնում ենք այնքան հզոր ու այնքան ցանկալի աշխարհի համար, նրանք տեսնում են մեր միջավայրը և հիանում են մեր միջավայրով, մեր հարաբերություններով, ինչպիսին է թիմը լինում: Ես կուզենայի, որ մեր երկիրը լինի այդպիսին, որովհետև միասնությունը, սերն ու ջերմությունն է, որ մարդկանց, ընդհանրապես հասարակությանը բարձրացնում է և կառուցողական է դարձնում: Ես կուզենամ, որ միշտ լինենք խաղաղության մեջ, մտքի խաղաղության մեջ, սիրո մեջ, աշխատանքի մեջ, միշտ մտածենք՝ մի լավ բան անենք, օգնենք մեկս մյուսին, կուզենամ, որ այդպիսի հասարակություն ունենանք, որ այդ հասարակությամբ և՛ հպարտանանք, և՛ ներկայանանք մեր լավ արժեքներով, և՛ ուրախացնենք մեր տեսակով ուրիշ հասարակությանը: Մեր երկրին հաջողություն եմ ցանկանում, սեր ու միություն եմ ցանկանում: