«Կոչ եմ անում, որպեսզի դադարեցվեն այդպիսի նյութերը, և նաև անվտանգության մարմիններին ցանկանում եմ կոչ անել, որպեսզի հետևեն և համապատասխան միջոցներ կիրառեն»

ԱԺ-ում ավարտվեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի  առաջին ընթերցմամբ ընդունելու մասին  քննարկումը։ Օրինագծի համահեղինակ, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում շեշտեց.

«Գաղտնիք չէ, որ հեռուստաընկերությունների աշխատանքը տևապես համակարգվել է Բաղրամյան 26-ում, նրանց մեծ մասը ֆինանսավորվել է օլիգարխների կողմից՝ ըստ էության տեղեկատվական պատերազմ վարելով երկրի ու հաասարակության դեմ:

Թվում էր, թե 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո այս դաշտը ևս պետք է փոփոխություններ կրի, դրանք տեղի ունեցան, սակայն փոխվեցին ոչ թե հեռուստաընկերությունների եթերի որակն ու  բովանդակությունը, այլ դրանց սեփականատերերն ու պատվիրատուները:

Այսօր հեռուստատեսությունների զգալի մասը պատկանում է առավելապես նախկին իշխանություններին ու նրանց հետ փոխկապակցված սուբյեկտներին, որոնք շատ դեպքերում նույնանում են օլիգարխիկ շրջանակների հետ: Եվ այդ շրջանակներն այսօր էլ շարունակում են հասարակության նկատմամբ տեղեկատվական տեռորը ՝ այս անգամ  արդեն հանդես գալով ընդդիմության դիրքերից»,- հայտարարեց Արման Բաբաջանյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը կոչված է կանոնակարգելու ոլորտում առկա մի շարք խնդիրներ: Ըստ նրա՝ Օրենքի փիլիսոփայությունն ու գաղափարաբանությունը հեռուստաեթերը կեղծ, մանիպուլյատիվ տեղեկատվությունից մաքրելը և եթերը հասարակությանը վերադարձնելն է:

«Օրենքը հնարավորություն է տալու եթերում ապահովել տեղեկատվության բազմազանություն ու բազմակարծություն՝ այդպիսով բարձրացնելով հասարակությանը մատուցվող տեղեկատվության որակն ու հավաստիության մակարդակը:

Օրենքի կարգավորման տիրույթը վերաբերելու է նաև հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող օտարերկրյա հեռուստաընկերություններին: Մասնավորապես, նախագծով նախատեսված կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո, հանրային մուլտիպլեքսում կհեռարձակվեն միայն այն հեռուստաընկերությունները, որոնց հիմնադիրների հետ Հայաստանն ունի միջպետական պայմանագիր»,- ասաց  օրինագծի համահեղինակ Արման Բաբաջանյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օրինագծի մեկ այլ համահեղինակ՝ Մխիթար Հայրապետյանն էլ իր ելույթում  նախ  պարզաբանեց, որ օրենքով պարզապես խրախուսում են բարձրորակ, հանրօգուտ կոնտենտը, հետո անդրադարձավ օրենքի ապագային և  վստահեցրեց.

«Ես ուզում եմ մեր հայրենակիցներին հավաստիացնել, որ սույն օրենքը հենց վաղը չի կարող լինել տեսանելի եթերի բովանդակության առումով, մենք լեզվական անվտանգության հարցն ենք շատ կոնկրետ նախանշել և դրել օրենքի հիմքում, օրինակ՝ ֆիլմերի, արտասահմանյան, միջազգային հաղորդումների պարագայում այն պետք է անպայման այսուհետ ուղեկցվի հայերեն տիտրերով,  թարգմանությամբ:

Հասկանալի պատճառներով սահմանել ենք մեկամյա ժամկետ, որպեսզի հեռուստաալիքների  և ռադիոհեռարձակողների համար հավելյալ խնդիրներ չստեղծենք, բայց մեկ տարի անց, այդ իմաստով՝ մեր հեռուստադիտողի համար լինելու է շոշափելի տարբերություն»:

Սակայն պատգամավորն իր ելույթում  հատկապես շեշտեց ու, կարելի է ասել, սպառնաց լրատվամիջոցներից մեկին, որը հոդված էր հրապարակել քննարկվող օրինագծի մասին.

«Քիչ առաջ ինձ ուղարկեցին մի լրատվականի նյութ, որը վերնագրված էր հետևյալ կերպ՝ «ԱԺ-ում այս պահին քննարկվում է ռուսական հեռուսաալիքների դեմ օրենքի նախագիծը»։

Ես անունը դեռևս չեմ տա, կես ժամ ժամանակ եմ տալիս այդ լրատվամիջոցի շեֆերին, դրանց հետևում կանգնած անձանց՝ այս հակապետական, խայտառակ, դավաճանական վարքագիծը փոխելու համար, կամ շատ արագ այդ վերնագիրը փոփոխում եք, կամ նյութը հեռացնում եք։ Կես ժամ ժամանակ: Որովհետև մեր ռուս գործընկերների հետ, երեկ էլ բազմիցս խոսվեց, փոխխոսնակն անդրադարձավ, ՀՌՀ նախագահն անդրադարձավ  (ի դեպ, ԱԺ-ի մի պատգամավորի էլի էս գծի մեջ ինչ-որ արտահայտություններ եղան), մենք փայլուն կերպով երկխոսել ենք՝ ինքս դեսպանի հետ: Սա նույնիսկ կարող եմ ասել, ռուսական կողմի, ռուս գործընկերների կողմից հայտն արդեն ներկայացված է: Այս գործելաոճին վերջ տվեք ուղղակի, դադարեցրեք. այսօր մենք խոսում ենք բացառապես մեդիադաշտում նոր կանոնակարգումների մասին, որոնք, այո,  միտված են մեր պետության, ազգային անվտանգության, լեզվական անվտանգության բարձրացմանը»:

ԱԺ ամբիոնից նման հրապարակումներին արձագանքեց նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը.

«Մենք քանի էստեղ նստած կառուցողական քննարկում էինք անում, ինչ-որ լրատվամիջոցներ սկսեցին հրապարակել, թե մենք այս կամ այն երկրի դեմ ինչ-որ օրինագիծ ենք ընդունում, կամ հեռարձակողների դեմ, կամ այլ կոնտեքստում։ Ժողովուրդ ջան, էսպիսի տեղեկատվական ցածրորակ ստերը հասնում են արդեն միջպետական մեր հարաբերությունները խաթարելու ուղիղ գործողությունների։ Եվ ես կոչ եմ անում, որպեսզի դադարեցվեն այդպիսի նյութերը, արարքները, և նաև մեր անվտանգության մարմիններին ցանկանում եմ կոչ անել, որպեսզի հետևեն և համապատասխան միջոցներ կիրառեն այսպիսի դեպքերում, եթե դրանք միտումնավոր կոնկրետ գծի են հետևում»:

Իր ելույթում օրինագծի վերաբերյալ կարծիք հայտնեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։ Նա հայտնեց,  որ  վերջերս մի քանի հանդիպումներ է ունեցել միջազգային գովազդի մասնագետների և ոլորտի փորձագետների հետ, և տեսակետ է հնչեցվել, թե այս օրենքի նախագիծը վերցված է մոլդովական մոդելից, որն ինչ-որ տեսանկյունից հաջողված մոդել չէ: Պատգամավորը խնդրեց նախագծի հեղինակներին եզրափակիչ  խոսքում անդրադառնալ այդ  տեսակետին և պարզաբանել՝  եթե օգտվել են միջազգային փորձից, ապա ո՞ր երկրների, նաև պատասխանել հարցին՝ արդյո՞ք պրոֆեսիոնալ հասարակական կազմակերպությունների հետ քննարկել ու ստացել են նրանց կարծիքը:

Աննա Կոստանյանը նաև մի քանի այլ հարցադրումներ հղեց նախագծի հեղինակներին կոնկրետ հոդվածների վերաբերյալ, ապա գնահատելով  նախագիծը՝ ասաց.

«Ինչ վերաբերում է օրենքի գլոբալ առումով փոփոխությանը, նախորդ օրենքին նմանություն չունենալուն  և  նաև, այո, որոշ դեպքերում՝ ոլորտում մոնոպոլ դիրքեր զբաղեցնող կազմակերպություններին, այս առումով պետք է ասեմ, որ նոր մոտեցում է օրենքը ենթադրում, և  նաև հույս եմ հայտնում, որ հետագայում էլ հնարավորություն կունենանք, եթե օրենքը կիրարկվի, և խնդիրներ առաջանան, այդ խնդիրներին համապատասխանաբար կկարողանանք նաև փոփոխություններ ունենալ»:

Օրենքի փոփոխությունների փաթեթի համահեղինակ Վահագն Թևոսյանն էլ իր եզրափակիչ ելույթում  անդրադարձավ հրապարակված հոդվածին.

«Նախ՝ կապված այդ հակառուսական օրենքի մասով՝ ասեմ, որ կարդացի քիչ առաջ էդ հոդվածը.  ես նույնիսկ արդեն երկմտում եմ, դա դավաճանակա՞ն քայլ է, թե՞ ուղղակի պարզ անգրագիտություն, որովհետև ես չգիտեմ՝  ո՞նց է հնարավոր էս ամբողջ խոսակցությունից ըտենց բան հանել: Ես սիրով կխոսամ այդ լրագրողի հետ, եթե չի հասկացել, կփորձեմ բացատրել: Բայց ամեն դեպքում լավ կլինի, որ անվտանգության ծառայություններն իրոք զբաղվեն, որովհետև սա արդեն ազգային անվտանգության խնդիր է դառնում»։

Տեսանյութեր

Լրահոս