Գագիկ Ծառուկյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը դատարանի առջև լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ կալանքի հարցի քննության ժամանակ ինքնաբացարկ է ներկայացվել դատավորին.

«Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու»:

«Ի՞նչ հիմքով»  հարցին ի պատասխան՝ պաշտպանը պատասխանեց.

«Մենք կարծում ենք, որ ընդհանրապես այս մակագրությունների կարգը մինչդատական վարույթների հետ կապված, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում (այսինքն՝ դատարանի  նախագահը իր ցանկությամբ ընտրում է որևէ դատավորի և մակագրություն է իրականացնում) ի սկզբանե արդեն խախտում է արդար դատաքննության իրավունքը, որովհետև չի ապահովում այն երաշխիքը, որ իրականում սկզբունքն այն է, որ պատահականության սկզբունքով պետք է լինի դատավորի ընտրությունը, չի կարող այնպես լինի, որ պետությունը, այս դեպքում՝ դատարանի նախագահը, որոշի իր նախընտրած դատավորին:

Արդյոք վերապահումներ ունե՞ն կոնկրետ այդ դատավորի հետ կապված՝ հարցին էլ Երեմ Սարգսյանն այսպես արձագանքեց. «Ես դատավորի մասով այս պահին խնդիրը չեմ բարձացնում, բարձրացնում ենք կոնկրետ Շենգավիթ նստավայրի հետ կապված, որովհետև Շենգավիթ նստավայրում՝ բացառությամբ երկու-երեք դատավորի, մնացած մասով ակնհայտորեն միշտ խնդիր է լինում: Բազմաթիվ փաստաբաններ պարբերաբար ահազանգում են, որ, օրինակ,  վարույթ իրականացնող մարմինները  ձգտում են իրենց համար խիստ կարևոր գործերով այնպիսի ժամկետներում ներկայացնել կալանավորման միջնորդությունները, երբ Երևան քաղաքում հերթապահություն իրականացվում է Շենգավիթ վարչական շրջանի այս նստավայրում, երկրորդն իրականացվում է Կենտրոնի նստավայրում,  նոր դրանից հետո՝ Ավանի նստավայրում: Այսինքն՝ կան որոշակի դատավորներ, որ դատարանի նախագահը կարծես նախընտրում է մակագրություններ անել:

Ամբողջ խնդիրն ինչումն է՝ պետք է համակարգչով լինի. ծրագիր է լինում, որը պատահականության սկզբունքով պետք է ընտրի: Այս ծրագիրը ոչ մի կերպ պետությունը չի ներդնում, և կարծում ենք՝ հենց այս խնդիրն է, որ կարողանան՝ որ գործն ում ցանկանում են՝ մակագրել»:

Բացի այդ, պաշտպանը հայտնեց, որ ողջամիտ ժամկետ են ուզել, որպեսզի կարողանան լիարժեք պաշտպանվել:

Անդրադառնալով գործին՝ Երեմ Սարգսյանը նշեց, որ նիստից հետո այնպիսի աղաղակող փաստեր կներկայացնի, որոնք կփաստեն, որ ամեն ինչ մանրակրկիտ ծրագրված է եղել շատ ավելի վաղուց՝ հատկապես հայտարարարության պահից.

«Երբ Գագիկ Ծառուկյանը քաղաքական խորհրդի նիստին հայտարարություն կատարեց կառավարության կազմի փոփոխության վերաբերյալ, ժամ առ ժամ, օր առ օր այս թեման զարգացվել է, և ակնհայտորեն բոլորն ինչ-որ քաղաքական ուժերի, պետական մարմինների մասնակցությամբ և, ակնհայտ է, համաձայնեցված կարգով այս կուլմինացիային հասցնելը»:

«Ե՞րբ են ձեռք բերվել ապացույցները» հարցին ի պատասխան՝ պաշտպանը հայտնեց. «Ապացույցները, ըստ էության, որոնք իրենք հիմա ասում են, որ կա, դեռևս փետրվարից առկա է եղել, սա որևէ մեկն օբյեկտիվորեն չի գնահատել՝ որպես հանցագործության համար բավարար ապացույց, որովհետև էդպիսին չի հանդիսանում, բայց հանկարծ չորս ամիս հետո նույն ապացույցը, պարզվեց, արդեն հանդիսանում է քրեական գործ հարուցելու համար բավարար ապացույց….»:

Երեմ Սարգսյանը հավելեց, որ կան ցուցմունքներ, որոնց մասին հետագայում կխոսի՝ հաշվի առնելով նախաքննական գաղտնիքի հանգամանքը:

Նրա խոսքով` հավանաբար 2-3 ժամից պարզ կլինի` իրենց միջնորդությունը բավարարվելո՞ւ է, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն Ազգային անվտանգության ծառայությունն է ներկայացրել: Հարցի քննությունը սկսվել է երեկ, շարունակվել այսօր` ժամը 16:30-ից:

Տեսանյութեր

Լրահոս