«ՄԿԻ-ն թեստերի արտադրության հետ կապված որևէ գումար չի ստացել. տրամադրվել են միայն ռեագենտներ և լաբորատոր պարագաներ». Արսեն Առաքելյան
Երկու շաբաթ առաջ 168.am-ի հետ զրույցում Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի (ՄԿԻ) տնօրեն Արսեն Առաքելյանն ասել էր, որ արդեն 300 թեստ պատրաստել են և հանձնել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին»՝ անկախ փորձարկման համար:
«Երբ անկախ փորձաքննության արդյունքը ստանանք, և նույնը նշել է նաև պարետը, պատրաստ ենք բավարարելու թեստերի քանակի պահանջարկը»,- ասել էր նա՝ պատասխանելով հարցին, թե խոսվում էր թվով 100.000 թեստի մասին, այդ թվաքանակին ե՞րբ կարող ենք հասնել, քանի որ մարդկանց թեստավորման քանակի հետ կապված՝ խնդիր ունենք:
Այսօր 168.am-ը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենից փորձեց բանավոր կերպով ճշտել՝ արդյոք ստացվե՞լ են փորձաքննության արդյունքները, ինչին ի պատասխան՝ Արսեն Առաքելյանը գրություն ուղարկեց, որում ասվում է.
«Ի պատասխան Ձեր հարցմանը, տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կողմից արտադրվող թեստերը գտնվում են փորձարկումների փուլում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում։ Ինստիտուտը սպասում է հայկական արտադրության թեստերի օգտագործման վերաբերյալ վերջնական արձանագրությանը: Արտադրվող թեստերի օրական խմբաքանակը նախնական հաշվարկներով կլինի 1500-2000 հատ: Թեստերի բուն արտադրության, որակի վերահսկողության, փորձարկումների փուլերում ներգրավված է 20 գիտաշխատող։
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին տրամադրվել են միայն ռեագենտներ և լաբորատոր պարագաներ, և ինստիտուտը թեստերի արտադրության հետ կապված որևէ գումար չի ստացել։ Արտադրված թեստերի վաճառք ինստիտուտը չի նախատեսում, դրանք տրամադրվելու են ՀՀ կառավարությանը»:
Հիշեցնենք, որ ապրիլին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի համար 550 հազար դոլարի չափով հատկացում ենք կատարում, որպեսզի կատարենք թեստերի արտադրությունը տեղում»: