
«Պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի և չխառնվի ՀՀ ժողովրդի գործերին». Ալեն Սիմոնյան

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխնագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկի հայտարարությանը, որով նա մտահոգություն էր հայտնել Հայաստանում գրանցված ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ:
Նա նաև իշխանություններին կոչ է արել չճնշել ընդդիմությանը:
Ալեն Սիմոնյանի խոսքով, եթե չի սխալվում, Տուսկի այդ հայտարարությունը եղել է մի քանի երկրների համատեքստում, նաև Վրաստանի և Ուկրաինիայի հետ կապված:
«Ես սա կապում եմ այն չգրված կանոնի հետ, որ ԵԺԿ ղեկավարը մշտապես պաշտպանում էր իրենց խմբին անդամակցող կուսակցությունների ներկայացուցիչներին, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին: Կարծում եմ՝ պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի և չխառնվի ՀՀ ժողովրդի գործերին, և Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ զբաղվելու համար, կարծում եմ՝ կան ավելի մասնագիտացված անձինք»,- նշեց Ալեն Սիմոնյանը:
Շարունակելով՝ Ալեն Սիմոնյանը հավելեց. «Տուսկը Հայաստանը տեսնում է Սերժ Սարգսյանի աչքերով, որն իրականությունից կտրված և արդարադատության սպասող աչքեր են»:
Նա նաև նշեց, որ կուսակցությունների միավորման ղեկավարի քննադատությունը չի կարող համարել միջազգային կառույցների քննադատություն:
«Կարծում եմ՝ միջազգային կառույցներին հղում անելիս, մենք կարող ենք ավելի լուրջ, հեղինակավոր և շատ ավելի համապարփակ տեսարան ներկայացնող զեկույցների հղումներ անենք, որոնք կտրուկ աճ են արձանագրում տարբեր առումներով: Երեկ եղել է նաև Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը, որը շատ խոսուն է ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, և որի մասին հիմնականում անցյալին սպասարկող լրատվամիջոցները շատ քիչ են խոսում»,- շեշտեց նա:
Նա տեղեկացրեց, որ երեկ զրուցել է Ռուսաստանի Դաշնային ժողովի փոխնախագահի հետ, և Հայաստանում տեղի ունեցող գործընթացների հետ կապված որևէ հարց չեն քննարկել: Հայաստանում ՌԴ դեսպանն էլ ցանկություն է հայտնել հանդիպելու իր հետ, սակայն հանդիպումը դեռ չի կայացել:
«Մնացած գործընկերների հետ կապված՝ կարող եմ ասել, որ այս պահին որևէ արձագանք չեմ ստացել: Կարծում եմ՝ այն պարագայում, երբ խոսք է գնում քրեական գործի մասին, մեր լուրջ գործընկերները, որոնք որ գիտեն՝ ինչ է քրեական գործը և մեզ, չեն շտապի հայտարարություներ անել»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը: