Կես ժամ ժամանակ եմ տալիս այդ լրատվամիջոցի շեֆերին․ կամ շատ արագ նյութը հեռացնում եք, կամ՝ վերնագիրը փոխում․ Մխիթար Հայրապետյան
Իմքայլական պատգամավոր Մխիթար Հայրապետյանը կես ժամ ժամանակ տվեց լրատվամիջոցներից մեկին՝ փոխելու, իր որակմամբ, ոչ հավաստի վերնագիրը կամ հեռացնելու նյութը։
«Ինձ ուղարկեցին մի լրատվականի նյութ, որը վերնագրված էր հետևյալ կերպ «ԱԺ-ում այս պահին քննարկվում է ռուսական հեռուսաալիքների դեմ օրենքի նախագիծը»։ Ես անունը դեռևս չեմ տա, կես ժամ ժամանակ եմ տալիս այս լրատվամիջոցի շեֆերին, դրանց հետևում կանգնած անձանց այս հակապետական դավաճանական վարքագիծը փոխելու համար, կամ շատ արագ նյութը հեռացնում եք, կամ՝ վերնագիրը փոխում։ Կես ժամ ժամանակ», – ըստ aysor.am–ի՝ ասաց Հայրապետյանը։
Իր հերթին ԱԺ ամբիոնից նման հրապարակումներին արձագանքեց նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Քանի մենք էստեղ նստած կառուցողական քննարկում ենք անում, ինչ-որ լրատվամիջոցներ սկսեցին հրապարակել, թե մենք այս կամ այն երկրի դեմ ինչ-որ օրինագիծ ենք ընդունում կամ հեռարձակողների դեմ։ Ժողովուրդ ջան, տեղեկատվական ցածրորակ ստերը հասնում են արդեն միջպետական մեր հարաբերությունները խաթարելու ուղիղ գործողությունների։ Կոչ եմ անում, որպեսզի դադարեցվեն այդպիսի նյութերը, արարքները և նաև մեր անվտանգության մարմիններին ցանկանում եմ, որպեսզի հետևեն և համապատասխան միջոցառումներ կիրառեն այսպիսի դեպքերում, եթե դրանք կոնկրետ գծի են հետևում», – ասաց նա։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը։