«Չի հաջողվում թվերն իջեցնել, և մենք գիտենք դրա պատճառը». Նիկոլ Փաշինյան
Կառավարության նիստում՝ մինչև օրակարգում ընդգրկված հարցերի քննարկմանն անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երկրում կորոնավիրուսային իրավիճակին, նշեց, թե «չի հաջողվում թվերն իջեցնել, և մենք գիտենք դրա պատճառը»:
Ըստ Փաշինյանի՝ այդ պատճառը դիմակներ չկրելն է: Խոսելով դիմակներից բացի՝ անձը հաստատող փաստաթղթի պարտադիր առկայության մասին պարետի որոշումից՝ վարչապետը կրկին շեշտեց, որ այդպիսով ավելի հեշտացվում է դիմակ չկրողներին վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացը:
«Մենք գիտենք դրա պատճառը, հակահամաճարակային կանոնները համատարած կերպով չեն պահպանվում, և մենք ստիպված ենք ավելի ու ավելի կոշտ վարչական մեթոդներ կիրառել»,- նշեց վարչապետ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը նաև խոսեց պետական մարմիններում առաջացող հերթերի մասին՝ նշելով, որ այդ կառույցների պատասխանատուները պատասխանատու են նաև հերթեր չգոյանալու համար:
«Այս պահին մենք ունենք համոզվածություն, որ մարդկանց մեծ հոսք սպասարկող բոլոր պետական մարմինները հերթերի կարգավորման նոր կանոնները ներդրել են պատշաճ ձևով: Մենք պետք է արձանագրենք, որ պետական այն մարմինները, որոնք քաղաքացիների ընդունելություն են իրականացնում, նրանք պարտադիր պետք է հերթերը կարգավորեն, ընդ որում, նաև տարածքից դուրս, եթե հերթ է գոյանում: Պետք է վերահսկել, թե որքանով է դա կատարվում: Շատ կարևոր է, որ բանկերի դրսի հատվածում էլ կարգավորվեն հերթերը: Մենք ստանում ենք լուսանկարներ, որ մարդիկ շարունակում են հին ձևերով հերթ կանգնել»,- ասաց վարչապետը:
Վարչապետի դիտարկմամբ՝ վարակի տարածման հիմնական աղբյուր են հանդիսանում բակերը և մոտ հասցեները:
«Այստեղ մենք նույնպես պետք է մեծացնենք վարչական ազդեցության միջոցները: Ձևավորվել են համապատասխան կարգախմբեր ոստիկանության և այլ մարմինների, որոնք ավելի ու ավելի մեծ մասշտաբով կիրականացնեն այդ գործառույթը»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում