«Ինձ թվում էր` ամեն ինչ պարզ է, բայց էդքան պարզ չի». Սմբատ Գոգյան
Շուրջ մեկ ամիս է անցել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարական ներկայացնելու օրվանից, սակայն վարչապետին մակագրված հրաժարականի դիմումի պատասխանը դեռ հայտնի չէ:
ԲՈԿ նախագահը դեռ աշխատում է, և, ինչպես ինքը նշեց՝ սպասում հանգուցալուծման:
«Չգիտեմ՝ ինչ հանգուցալուծում կլինի. Ինձ թվում էր՝ ամեն ինչ պարզ է, բայց էդքան պարզ չի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սմբատ Գոգյանը՝ պատասխանելով հարցին, թե, ի վերջո, ի՞նչ հանգուցալուծում է ակնկալում:
Հարցին՝ արդյոք նախարարության կողմից փորձ չի արվե՞լ Ձեզ հետ հարցը պարզաբանել՝ հայտնի մի քանի փակ հանդիպումներից հետո, նա պատասխանեց հակիրճ՝ ո՛չ:
Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սմբատ Գոգյանի հետ ու զրուցել նրա հրաժարականի պատճառների մասին: Հանդիպումը եղել էր փակ՝ մանրամասներ Սմբատ Գոգյանը չհայտնեց:
Խնդրով ևս մեկ փակ հանդիպում տեղի էր ունեցել ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ:
Հիշեցնենք՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել մայիսի 14-ին:
Ֆեյսբուքյան գրառմամբ նա անդրադարձել էր պատճառներին. «ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից ազատման որոշումս ունի երեք շերտ․
1․ Կրթության և գիտության բարեփոխման իմ պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ, և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Չնայած այդ տեսակետների տարբերությանը, աշխատել եմ խղճի թելադրանքով։ Համակարգում բարեփոխում անելու համար անհրաժեշտ էին օրենքի կողմից լիազորող նորմեր, որոնք ստանալ այդպես էլ չկարողացա։ Իսկ նախարարի կողմից ԱԺ ամբիոնից նոր օրենքով ԲՈԿ-ը փակելու հայտարարությունից հետո աշխատելը դարձավ անիմաստ։ Իմ գաղափարներն այլևս կյանքի կոչել չեմ կարող։ Գրագողերը սպասում են կառույցի փակվելուն։
2. 2019 թվականի օգոստոսին հարցազրույցներից մեկում ասացի, որ, եթե Ռ․ Հայրապետյանը հրաժարականի դիմում չգրեր, ապա ես կգնայի։ Իմ խոսքը կոնկրետ Ռուբենի մասին չէր, այլ երևույթի։ Նրանից հետո նշանակված ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, բայց համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով նա առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը։ Իր պաշտոնավարումն արժեքային ընտրություն է՝ իմ և իր միջև»:
Սմբատ Գոգյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018 թվականի հուլիսին։