«Մոտ 300 ռեստորաններ մինչև հիմա աշխատել են պահպանել աշխատատեղերը, բայց շատ երկար սա չի կարող տևել»․ Վահե Գևորգյան

Հայաստանի շուրջ 300 ռեստորաններ և սրճարաններ համախմբող Ռեստորանների հայկական միությունը շարունակում է քննարկումներն Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների ու միության անդամների հետ և փորձում են համատեղ լուծման տարբերակներ գտնել՝ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված խնդիրները լուծելու ուղղությամբ։

«Մարտ ամսից  սկսած առաջարկությւններ ենք ներկայացրել, քննարկումներ են լինում, ոչ միշտ է, որ գալիս ենք ընդհանուր հայտարարի։ Այլ  երկրների փորձը նույնպես  ուսումնասիրում ենք։  Կան որոշակի առանձնահատկություններ, որովհետև մեր պետությունն այլ խնդիրներ ունի, այլ կարգի ծախսեր են պահանջվում։ Մեր նպատակն է՝ այն օգնությունը, որ պետք է տրամադրվի, և ինչ որ տրամադրեցին,  ուղղակի ավելի համակարգված լինի, որ  մի քանի թիրախային  ոլորտներում էֆեկտիվությունը բարձր լինի։ Գիտենք, որ փոքր երկիր է, չէր կարող Սինգապուրի տնտեսությունը դառնալ այս երկու տարում, ուստի պետք է  տեսնենք, թե այլ երկրների փորձը մեզ մոտ ինչպես կարող ենք օգտագործել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրեն Վահե Գևորգյանը։

Նրա խոսքով՝ առաջնային խնդիրներից է աշխատատեղերի պահպանումը։

«Այս ոլորտը կայացել է 10 տարուց ավելի, և այսօր կարող ենք ասել, որ շատ ավելի առաջ ենք, քան 2000-ական թթ․ սկզբին։ Որակն է բարձրացել, իսկ պահանջարկը ձևավորվում է՝ ըստ դրա։ Զբոսաշրջիկները, որ ժամանում են նաև եվրոպական երկրներից, մեր խոհանոցից, սպասարկումից, սննդամթերքից շատ գոհ են։ Այսինքն, սա կայացած ոլորտ է։ Աշխատատեղերի պահպանումն առաջնային խնդիր է։ Կողքից կարող է թվալ, թե մատուցողը շատ բարդ մասնագիտություն չէ, բայց մատուցող դառնալու համար երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի մարդը, օրինակ, լավ ռեստորանում կարողանա լավ մատուցող լինել։ Դա մասնագիտության ձև է, և մենք խոհարարների, մատուցողների դասընթացներ էլ ենք  անցկացրել անցած տարի, ու երբ հնարավորություն լինի՝ այս տարի էլ կշարունակենք։ Այս աշխատատեղերը շատ դժվար են ստեղծվում, և, եթե կորցնեն, այդ մարդիկ ուղղակի կգնան ուրիշ գործով  զբաղվելու»,- նշեց Վահե Գևորգյանը։

Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրենի կարծիքով՝ եթե իրավիճակն այս տարի կարգավորվի, ապա ոլորտին 1-2 տարի է պետք, որ նախկին մակարդակի որոշակի տոկոսի վերադառնա։

«35․000 աշխատող է ներգրավված մեր ոլորտում, մի քանի հազարն էլ քաղաքացիաիրավական պայմանագրով է աշխատում, այսինքն՝  կարճաժամկետ ծառայություն են մատուցում։ Հետևաբար՝ մոտ 70-75․000 աշխատատեղ ենք ստեղծում, որը Հայաստանի համար բավականին մեծ թիվ է։ Մեր միության անդամները՝ մոտ 300 ռեստորաններ, մինչև հիմա աշխատել են պահպանել աշխատատեղերը, բայց հասկանում ենք, որ շատ երկար սա չի կարող տևել, դրա համար կան մի քանի տարբերակներ՝ փորձում ենք ներքին տուրիզմի զարգացման համար քննարկել վաուչերների տարբերակը, այն է՝ կառավարությունը գնի որոշակի քանակի վաուչերներ՝ ոչ միայն հանրային սննդից, այլև զբոսաշրջային, օրինակ, հյուրանոցներից, և մի քանի ամիս հետո, երբ կորոնավիրուսին հաղթած կլինենք, դա տրամադրվի, օրինակ, առողջապահության ոլորտի աշխատողներին, որոնք  իրենց ծանր աշխատանքից հետո հնարավորություն կունենան հանգստանալ, ու նրանց կտրամադրեն այդ պայմանները՝ պետության միջամտությամբ, և մենք էլ որոշակի զեղչեր կտանք։

Մյուսը միջազգային առումով է։ Որպեսզի զբոսաշրջիկներ ներգրավենք Հայաստան, նրանց ևս  զեղչային տարբերակով  փաթեթներ պետք է տրամադրել։

Հայտնի է, որ զբոսաշրջիկներն իրենց գումարի 25-30 տոկոսը ծախսում են հանրային սննդի վրա, դրա համար կարող են լինել ավելի ընդարձակ փաթեթներ,  ներգրավվեն այլ ծառայություններ, որպեսզի կարողանանք հանգիստ ընդունել նրանց, եթե աշնանը վիճակը բարելավվի։ Այդ փաթեթները նախապես պետք է շրջանառվեն, որպեսզի  զբոսաշրջիկների մի մասին գոնե կարողանանք վերադարձնել Հայաստան։ Պետք է  փորձենք տարվա վերջին ամիսներն օգտագործել, որպեսզի պետությունը, բիզնեսը կարողանա գումար շրջանառել, որից կօգտվեն քաղաքացիները»,- մանրամասնեց  Վահե Գևորգյանը։

Ինչ վերաբերում է ռեստորանների տարածքների վարձավճարներին, ապա, մեր զրուցակցի փոխանցմամբ՝  հռչակագիր են ընդունել՝ կոչ անելով  վարձատուներին, որ ընդառաջեն, գնան փոխզիջման, որովհետև եթե ռեստորանն ունի 10-12 տոկոս շրջանառություն, նշանակում է, որ բավական մեծ վնասով է աշխատում։

«Հիմնականում ռեստորանների տարածքները վարձակալված են, այս բիզնեսում շատ քիչ  կան, որ սեփական տարածքն  ունեն, դրա համար դիմել էինք, որ գոնե 50 տոկոս զիջելու առումով մտածեն։ Կարող ենք ասել, որ հիմնականում ընդառաջեցին»,- ասաց Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրենը։

Տեսանյութեր

Լրահոս