«Քաղաքական առումով, եթե կարծում է, որ ճիշտ է պայքարելը՝ թող պայքարի». Ալեն Սիմոնյանը՝ Գագիկ Ծառուկյանին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանին որևէ մեկը չի խանգարում, որ նա հետ կանգնի իր խոսքից:

«Քրեական գործը թող շարունակվի, իսկ քաղաքական առումով, եթե կարծում է, որ ճիշտ է պայքարելը, թող պայքարի: Քրեական գործերը շատ ավելի շուտ են հարուցվել, քան, երբ Գագիկ Ծառուկյանը այգում, նույն այգում, որտեղ հանդիպումներ էր ունենում, հայտարարություն էր անում՝ իշխանության 100 տոկոսով փոփոխության հետ կապված: Ժամանակագրությունը չի կարելի կեղծել, դրանք թվեր են, որոնք ակնհայտ են: Նույն այն փաստաթուղթը, որը  երեկ հայտնվել է շրջանառության մեջ, իմ  ունեցած տեղեկություններով, այն ավելի շուտ է գտնվել: Այն ի հայտ է եկել մեկ այլ քրեական գործի շրջանակներում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությանը, նրա հարցաքննությանը և Ծառուկյանի այն հայտարարությանը, որ հետ չի կանգնելու:

ԱԺ փոխնախագահը  չմեկնաբանեց՝ արդյո՞ք այդ գործերն ի հայտ են եկել ուժայինների ղեկավարներին փոխելուց հետո, թե՞ ոչ:

Անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութերին ու լուսանկարներին, որտեղ ինքը բարձր է գնահատում Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեությունը, Ալեն Սիմոնյանն ասաց, որ այդ ամենն արվել է 2012 թվականին, որը տարածում են ԲՀԿ-ական ֆեյքերը:

«Այդ տեսանյութում ես ասում եմ, որ միակ ուժը, որը կարող է պայքարել Սերժ Սարգսյանի հետ, դա Գագիկ Ծառուկյանն է: Եթե համարում եք, որ դա համակրանք է եղել, ապա իմ ու Ձեր խոսակցությունը նույնպես կարող եք համարել համակրանք, որ ես համակրում եմ Ձեր հեռուստաընկերությանը»,- դիմելով հարց տվող լրագրողին՝  ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա ընդգծեց, որ այս գործընթացները որևէ քաղաքական ենթատեքստ չեն պարունակում, ավելին՝ ամեն ինչի մասին իմացել է ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից, որը տեղի էր ունեցել Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտ:

Հարցին, թե որքանով է իրավաչափ, երբ նախաքննության փուլում գտնվող գործի նյութը,  որը վերաբերում էր ԲՀԿ-ի՝ իբրև ձայներ հավաքելու նպատակով կատարված քայլերին, հրապարակում է, օրինակ, Առողջապահության նախարարը, ԱԺ փոխնախարարը պատասխանեց, որ  Առողջապահության նախարարը Հայաստանի իշխող կուսակցության վարչության անդամ է,  նախարար լինելուց բացի, նա  նաև քաղաքական գործիչ է, ինչպես և՝  ԿԳՄՍ նախարարը։ Հետևաբար, երբ իշխանության վերաբերյալ  հնչում են մեղադրանքներ, նորմալ է, որ քաղաքական թիմի անդամներն արձագանքում են, անկախ այն հանգամանքից, թե ինչ պաշտոն են զբաղեցնում:

«Եթե շահարկում են, թե նա Առողջապահության նախարարն է, վաղն էլ կարող է լինել փոխվարչապետ կամ ընդհանրապես որևէ պաշտոն չզբաղեցնի՝ նա քաղաքական գործիչ է: Ես և պարոն Թորոսյանը հրապարակել ենք այդ փաստաթուղթը՝ տեսնելով այն համացանցում, այլ ոչ թե՝ սկզբնաղբյուր հանդիսանալով: Եթե նման խնդիր կա, կարծում եմ՝ իրավապահները կարող են զբաղվել: Այս երկու տարվա ընթացքում մեր իշխանությունն ապացուցել է, որ որևէ մեկն օրենքից չի կարող խուսափել»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս