Բաժիններ՝

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին օծվել և վերատեղադրվել է Մայր տաճարի գմբեթի խաչը

Այս պահին տեղի է ունենում Ս. Էջմիածնի Մայր տաճարի գմբեթի խաչի օծուման և տեղադրման արարողությունը:

Ն.Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ
ԿԱԹՈՂԻԿԵ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՈՆԻՆ

«Գոհանամք զՔէն, Հայր ամենակալ, որ պատրաստեցեր
մեզ նաւահանգիստ Սուրբ զԵկեղեցի, տաճար սրբութեան,
ուր փառաբանի Սուրբ Երրորդութիւնդ»
(Պատարագամատույց)

Սիրելի հավատավոր զավակներ Մեր,
Այսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրության հիշատակի օրն է։ Այս նշանակալի տոնի բերկրանքը մեր սրտերում սրբալույս մյուռոնով օծեցինք նորակերտ այս խաչը, որը քիչ հետո, միասնական գոհաբանությամբ ու փառաբանությամբ առ Աստված, պիտի վերատեղադրվի համայն հայության Սրբություն Սրբոց աստվածակառույց Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի գմբեթին։ «Գոհություն ենք հայտնում Քեզ, Հայր Ամենակալ, որ պատրաստեցիր մեզ համար որպես նավահանգիստ Սուրբ Եկեղեցին, տաճարը սրբության, որտեղ փառաբանվում է Սուրբ Երրորդությունդ»։

Աստվածահաստատ Սուրբ Էջմիածինը Աստծո պարգևն է մեր ժողովրդին Իր Միածին Որդու Էջքով՝ որպես Երկնավորի անհուն սիրո վկայություն հանդեպ մեր ժողովուրդը։ Մարդկության Փրկիչը իջավ հայոց աշխարհ` ի տես Սուրբ Գրիգոր Լուսավորչի, և ցույց տվեց հայոց սրբազնասուրբ Մայր տաճարի կառուցման վայրը։ Բիբլիական Արարատի դիմաց վեր հառնեց հայոց աստվածաշնորհ տաճարը՝ Լուսավորիչ Հայրապետի, Հայոց Տրդատ արքայի և հավատացյալ ժողովրդի ջանքերով։ Սուրբ Էջմիածինը դարեր շարունակ եղավ և այսօր էլ է ու միշտ պիտի լինի այն ամուր վեմը, որի վրա խարսխված է հայոց հավատքը, որով կերտվել է հայոց ինքնությունն ու վերակերտվել հայոց պետականությունը։ Արդարև, Էջմիածինն է մեր ժողովրդին ազգային արժեքներով միաբան պահպանել և առաջնորդել դեպի հայրենի անկախության նոր հորիզոններ։ Քրիստոսահիմն ոսկեխարիսխ Սուրբ Էջմիածինը այն նավահանգիստն է, որտեղ դարերի արհավիրքներից ու ալեկոծություններից խաղաղություն է գտել հավատավոր մեր ժողովուրդը, հույսով առատացել, հաղթանակի նոր ուժ ու զորություն առել։ Այստեղ է Ավարայրի, Սարդարապատի, արցախյան ազատամարտերի հաղթության ոգին զորացել, այստեղ են Հայոց ցեղասպանությունից մազապուրծ բազում գաղթական հայորդիք օգնություն ստացել, մխիթարությամբ սփոփվել և նոր կյանքի ավիշով լցվել։ Էջմիածնի Մայր տաճարը Տիրոջ դրոշմն է հայոց հողում, հայոց կյանքում և հայոց հոգիներում, որի երկնառաք անմար լույսը ճառագում է աշխարհասփյուռ մեր բոլոր եկեղեցիներից։ Այն թանկագին մարգարիտ է, որը միշտ պիտի շողա որպես հոգևոր գանձ մեր բարեպաշտ ժողովրդի հավատքի անդաստանում: «Ուրա՛խ եղիր, Սուրբ Եկեղեցի, քանզի Քրիստոս՝ Արքան երկնից, քեզ պսակեց Իր խաչով»:

Սիրելիներ, էջմիածնանվեր ու եկեղեցասեր մեր բարերարների սրտաբուխ նվիրատվություններով, աշխարհասփյուռ Մեր զավակների ազնիվ հանձնառություններով վերանորոգվող Մայր տաճարն այսօր պայծառանում է սուրբ խաչի պսակումով։ Մենք հավատում ենք, որ Սուրբ Էջմիածնի տաճարի բարձունքից ճառագող Տիրոջ Սուրբ Խաչի զորությունը պիտի պարգևի մեր ժողովրդին ուժ ու կորով՝ վեր հառնելու դժվարություններից, հաղթահարելու համավարակի փորձությունը և նոր օրհնություններով ու ձեռքբերումներով շարունակելու իր ստեղծարար կյանքը։ Խաչը նշան է դժվարությունների ու փորձությունների դիմագրավումով հաղթության, խաչը առհավատչյան է մեր միաբանության ամրապնդման, խաչը Քրիստոսի ներկայությունն է մեր մեջ և խաչով Փրկիչը զորակից է ու ապավեն աստվածասեր ազգիս հայոց: Մենք այսօր խաչապսակ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարով, մեր Սուրբ Եկեղեցիով այդ զորության, այդ հաղթության կրողներն ենք։ Չթերանանք ու չտկարանանք Միածնաէջ մեր անգին սրբավայրի հանդեպ մեր սերն ու նվիրվածությունը արտահայտելու մեջ, քանզի մեր բարեպաշտ հայրերի շուրթերով օրհնված են բոլորը, ովքեր բարի հիշատակ ունեն Սուրբ Էջմիածնում։ Լինենք միավորված ու համերաշխ՝ մեր հայրենիքի հզորացման, մեր ազգային երազանքների իրականացման, մեր լուսավոր գալիքը կերտելու համար:

Հոգենորոգ այս առիթով վերստին Հայրական Մեր սերն ու Հայրապետական բարձր գնահատանքն ենք բերում մեր բոլոր երախտարժան բարերարներին, ովքեր սրտաբուխ նվիրատվություններով վկայում են մեր Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի հանդեպ իրենց որդիական ջերմ սերը: Մայր տաճարի նորոգությունը հոգևոր ուրախություն ու մխիթարություն է ինչպես հայրենաբնակ հայորդիների, այնպես էլ սփյուռքի Մեր զավակների համար։ Հայրապետական օրհնությամբ բարձրորեն գնահատում ենք Մեր բոլոր զավակների զոհողությունն ու ազնիվ մասնակցությունը հայոց հոգևոր կենտրոնի, Քրիստոսաէջ Մայր տաճարի հիմնանորոգման ու պայծառազարդման աստվածահաճո գործում։ Մեր բարձր գնահատանքն ենք բերում հանգանակության հանձնախմբի անդամներին, Մայր Աթոռի Ճարտարապետական խորհրդին և Ճարտարապետական բաժնի աշխատակիցներին, «Հորիզոն 95» շինարարական կազմակերպությանը, բոլոր վարպետներին, շինարարներին ու մասնագետներին, ովքեր շարունակում են ջանասիրաբար աշխատել՝ օր առաջ մեր սրբազան աղոթավայրի դռները բացելու հավատավոր ժողովրդի առջև։ Հիմնանորոգման աշխատանքները, որ կտևեն շուրջ մեկ և կես տարի, վստահ ենք, հաջողությամբ պիտի ավարտվեն, և շուքով նորոգված ու գեղեցկազարդ մեր սրբազան աղոթավայրի կամարների ներքո պիտի շարունակվեն աստվածային օրհնություններ ու շնորհներ բաշխվել հավատավոր Մեր ժողովրդին և բոլոր ուխտավորներին։ Համազգային մասնակցությամբ Մայր տաճարի նորոգությունը Մեր հավատավոր զավակների միասնականության, մեր սրբությունների ու արժեքների շուրջ համախմբվածության վկայություններից է:

Սիրելիներ, այս տոնական օրը վերստին հայցենք Բարձրյալն Աստծո զորակցությունը, որ շուտափույթ հաղթահարենք համավարակի ճգնաժամը և սիրով ու համերաշխությամբ ընթանանք դեպի ազգային-եկեղեցական կյանքի նոր առաջընթաց: Աղոթենք, որ Աստված խաղաղություն ու շինություն շնորհի աշխարհին, բարօրություն, ապահովություն պարգևի մեր հայրենիքին և իր երկնառաք բյուր օրհնություններն ու զորակցությունը համայն մեր ժողովրդին: Շարականագրի «Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ» կոչին համահունչ՝ համայն ազգիս ջանքերով, անկախ պետականության հովանու ներքո թող միշտ շեն լինի Մայր Աթոռը, հավետ շողարձակի լույսը Սուրբ Էջմիածնի, և պայծառ ու անսասան մնա քրիստոսահիմն Մայր տաճարը՝ ի վայելումն ազգիս հայոց և ի փառս Ամենասուրբ Երրորդության. ամեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս