«Դիմելու ենք Մարդու իրավունքների եվրոպական հանձնակատարին, որ Հայաստանի վերաբերյալ ճշգրիտ գնահատականներ տրվեն». Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը րոպեներ առաջ ազատ է արձակվել վարչական ձերբակալությունից։
Ըստ Մելիքյանի՝ իրեն ձերբակալել են այն ժամանակ, երբ փորձում էր ոստիկաններին բացատրել, որ վերջիններս պատգամավորներին ձերբակալելու իրավունք չունեն։
«Ես իրականացնում էի իրավապաշտպան գործողություններ և ոստիկաններին տեղեկացնում էի, որ չի՛ կարելի ձերբակալել Ազգային ժողովի պատգամավորներին։ Այդ պահին էլ ինձ ձերբակալեցին. իհարկե, շատ կոշտ ձերբակալություն էր՝ մի քանի հարված, քերծվածքներ, մատս թողեցի դռան տակ։ Առաջին անգամ էի կոշտ ձերբակալման ենթարկվում, բայց ամեն ինչ նորմալ է»,- ասաց Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
Վերջինիս խոսքով՝ տեղի ունեցածը շատ լուրջ ահազանգ է այն բանի, որ չի՛ կարող լինել մի երկիր, որը հավակնի դառնալ իրավական, և այդ երկրում իրավապաշտպանների նկատմամբ նման ոտնձգություններ կատարվեն։
«Հարգելի՛ իշխանություններ, ռեպրեսիաների ժամանակները անցել են, բայց կոչ եմ անում ռեպրեսիաներին նախապատրաստել ոստիկանական բաժանմունքները, որտեղ հնարավոր չէր, օրինակ, սոցիալական հեռավորություն պահպանել, թղթաբանությունը ոչ այնքան հարթ էր ընթանում, և այլն։ Կոչ եմ անում իշխանություններին ռեպրեսիաներին նախապատրաստվել շատ ավելի լավ, իսկ եթե լուրջ, ապա մենք դիմելու ենք Մարդու իրավունքների եվրոպական հանձնակատարին, որպեսզի ՀՀ-ի վերաբերյալ ճշգրիտ գնահատականներ տրվեն, որովհետև այդ մանկական նկրտումները, որոնք կան, ծիծաղելի են, և կարելի է ասել՝ որևէ տեղ չեն տանելու և որևէ արդյունավետություն չունեն»,- ասաց Մելիքյանը՝ նշելով, որ որպես իրավապաշտպան՝ օգնություն է ցույց տվել ոստիկանական բաժանմունք բերված 20-ից ավելի քաղաքացու, և կոչ արեց բոլոր իրավապաշտպաններին լիարժեք իրականացնել իրենց գործառույթները։