«Եթե մենք 2008-ին հաղթեինք, ԱԱԾ տնօրեն կլիներ Նիկոլ Փաշինյանը, և այդ ժամանակ դուք երանի կտայիք Բերիային». Ավետիք Իշխանյանը հիշեց 2008թ. ընդդիմադիր գործչի պատմածը
«Ես չեմ ուզում հիմա անդրադառնալ նախկին և ներկա հրապարակումներին, հարուցված քրեական գործերի օբյեկտիվությանը, սակայն մի բանում համոզված եմ՝ հետապնդումները քաղաքական բնույթի են: Դրանց նպատակը հստակ է. առաջին պլանում գտնվող բոլոր քաղաքական ուժերին կամ ենթարկեցնել, կամ վերացնել, եթե նրանք 88 իմքայլականների պես հլու-հնազանդ չեն դառնում»,- 168.am-ի խնդրանքով մեկնաբանելով այսօր առավոտից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանն ԱԱԾ-ի կողմից իրականացվող խուզարկության փաստը, ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Վերջինիս խոսքով՝ այդ տեսակետից այդպիսիք են «Իմ քայլից» դուրս գտնվող կուսակցություններ, տարբեր տրամաչափի հասարակական-քաղաքական գործիչներ, որոնք նույնական են իշխող կուսակցության հետ ու աջակցում են գործող իշխանությանը:
«Բայց ես համոզված եմ, որ ընդդիմադիր կամ այդպիսին լինելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերը հերթի են կանգնած ռեպրեսիվ ապարատի առջև: Դա վերաբերում է և ԲՀԿ-ին, և Հայ հեղափոխական դաշնակցությանը, և «Հայրենիք», «Ազգային օրակարգ», «Մեկ Հայաստան» կուսակցություններին, ինչպես նաև «Վերնատուն» ակումբի անդամներին, և չի բացառվում՝ նաև «Լուսավոր Հայաստանին»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելով, որ սրա մասին նաև բացահայտ վարչապետն է ասում՝ որակումներ տալով տարբեր կուսակցությունների, և թող հանգիստ չլինեն այն բոլոր ուժերը, ում հասցեին դեռևս վարչապետի շուրթերից սպառնալիքներ չեն հնչել:
Իրավապաշտպանի կարծիքով՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից և այն բանից, թե տարբեր քաղաքական կուսակցություններ ինչպես են վերաբերվում Նիկոլ Փաշինյանի կամ Գագիկ Ծառուկյանի անձերին, և հայտարարություն չանեն այն մասին, որ սա քաղաքական ճնշում է, ապա թող հետագայում չբողոքեն իրենց նկատմամբ ճնշումներից, իսկ ովքեր հիմա սատարում են Փաշինյանին, դրանք այն նույն մարդիկ կամ կուսակցություններն են, որոնք անցյալ դարի 30-ականներին սատարում էին տխրահռչակ Խաչիկ Մուղդուսիին:
Ըստ Ավետիք Իշխանյանի՝ չհանդուրժելով որևէ քննադատական խոսք՝ նա իրեն կից կառույցներին սպառնալիքներ տալով՝ հրահանգներ է տալիս իրեն քննադատող գործիչներին ձերբակալել ու կալանավորել, իսկ թե որտեղից են հարուցվում այդ գործերը, իրեն չի հետաքրքրում, ինչպես նախորդ դարի 30-ականներին էր ընդունված ասել՝ կա անձը, կա քրեական գործ:
«Ես չէի պատկերացնում, որ մենք այսքան տարի հետո կհայտնվենք այսպիսի մղձավանջի մեջ, որ հետստալինյան խորհրդային շրջանին կարող է երանի տանք»,- ասաց իրավապաշտպանը:
Այս կապակցությամբ նա մի պատմություն հիշեց.
«2008թ., այսպես կոչված, «համաժողովրդական» շարժման ժամանակ անհանդուրժողականությունն այնպիսին էր, որ շարժման մասնակիցները, որպես կանոն, չէին ընդունում այլ կարծիք: Եթե նույնիսկ չեզոք էիր, ուրեմն թշնամի էիր: Այդ ժամանակ բազմաթիվ նման հրապարակումներ էին լինում, հատկապես «Հայկական ժամանակ» թերթում: Մինչ այդ, Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող շատ գործիչների հետ ունեցել եմ բավականին ջերմ հարաբերություններ։ Բայց քանի որ չեզոք էի, ինձ հետ շատերը խզեցին հարաբերությունները, բայց ոչ բոլորը: Նրանցից մեկի հետ, ում անունը ես երբեք չեմ հրապարակի, 2009թ. մի օր սուրճ էինք խմում, և նա մի շատ հետաքրքիր բան ասաց: Ասաց, որ ինքն ուրախ է, որ 2008-ին իրենք չհաղթեցին: Երբ նկատեց իմ զարմացած հայացքը, շարունակեց, որ, եթե իրենք հաղթեին, ԱԱԾ տնօրեն կլիներ Նիկոլ Փաշինյանը, և այդ ժամանակ դուք երանի կտայիք Բերիային»,- ասաց Ավետիք Իշխանյանը:
Հարցին, թե գլխավոր դատախազն արդյո՞ք կմտնի ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով, իրավապաշտպանն ասաց՝ կասկած չունեմ: