«Փաշինյանը ներքին վախեր ունի. երբ սպառնալիք է զգում, գործի է դնում ԱԱԾ-ն և ոստիկանությունը». Արթուր Ղազինյան

Այն, ինչ այսօր կատարվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, շատ ուղիղ բնութագրեմ, կոչվում է քաղաքական բռնաճնշում։

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն՝ անդրադառնալով վաղ առավոտից ԲՀԿ ղեկավարի տանը ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացվող խուզարկություններին։

«Սա քաղաքական բռնաճնշում է, որովհետև չկար այնպիսի մի փաստական տվյալ, որը չի եղել 2018 թվականի ապրիլին, կամ դրանից հետո։ Ժամանակին այսօրվա իշխանությունը Գագիկ Ծառուկյանի հետ գնում էր համագործակցության, ստորագրում հուշագիր ու քաղաքական տարբեր հարցերում միասնական դիրքորոշումներ որդեգրում ու պարզվում է՝ այն ժամանակ որևէ խնդիր չկար, հիմա կա՞։ Սա ցույց է տալիս, որ գործ ունենք քաղաքական բռնաճնշումների հետ, ինչը կապված է Գագիկ Ծառուկյանի վերջին ժամանակներում հնչեցրած գնահատականների հետ»,-ասաց Ղազինյանը։

Ըստ նրա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վախեր ունի՝ ներքին վախեր, որոնք ի ցույց է դնում հատապես այն ժամանակ, երբ սպառնալիք է զգում իր իշխանության նկատմամբ։

«Այդ վախերն են պատճառը, որ յուրաքանչյուր դեպքում, երբ սպառնաիք է զգում  իր իշխանության նկատմամբ,  անմիջապես գործի է դնում ԱԱԾ-ն և ոստիկանությունը։ Չունենալով բովանդակային հակադարձումներ՝ իշխանությունները սկսում են հիշել նախկինում ինչ-ինչ քրեական գործեր, պատմություններ և այլն»,-ասաց նա։

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավարի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակում իր հստակ դիրքորոշումը պետք է արտահայտի ընդդիմությունը՝ լինի խորհրդարանում, թե այնտեղից դուրս։

«Ընդդիմությունը շատ հստակ պետք է արտահայտի իր  քաղաքական դիրքորոշումը ընթացող գործընթացների նկատմամբ։ Ընդդիմությունը պետք է ասի՝ Հայաստանում տեղի են ունենում քաղաքական բռնաճնշումներ  և մենք գործ ունենք ժողովրդավարության ուղիղ հետընթացի հետ։ Շատ կոնկրետ պետք է ասել, որ անթույլատրելի են քաղաքական բռնաճնշումները ընդդիմության նկատմամբ»,-ասաց Ղազինյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս