«Սա խայտառակության գագաթնակետն է, և իրենք այս բանը չեն մարսելու». Գևորգ Պետրոսյան

«Ներսում խուզարկություն է իրականացվում, բայց մենք տեղյակ չենք, թե ինչ գործի շրջանակներում է դա: Եվ արդեն մյուս կողմից սկսել են խախտել անմեղության կանխավարկածը և ինչ-որ կարծիքներ հնչեցնել, գնահատականներ տալ, որովհետև իրենք հարգանք չունեն իրավապահ մարմինների նկատմամբ»,-Առինջ գյուղում գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտ գտնվող ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը՝ հույս հայտնելով, որ ամեն դեպքում ամեն ինչ կընթանա օրենքի շրջանակներում:

Լրագրողներից մեկի հարցին, թե փաստաթուղթ է հրապարակվել համացանցում, որ Գեղարքունիքում 10000 դրամ գումար է բաժանվել մեկ ձայնի համար, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց, որ դա փաստաթուղթ է մի այլ բան, դրա իրավական գնահատականը իրավապահ մարմինը կտա:

«Հիմա ինչ-որ մեկը կարող է մի փաստաթուղթ վերցնել, նկարել, գցե: Դա չի նշանակում ոչինչ: Եկեք հարգենք անմեղության կանխավարկածը և նման սին տեղեկություններով մարդկանց ապատեղեկատվություն չտանք»,-նշեց ԲՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով, որ իրականությունն այն է, որ այս ամենը կապված է Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեության հետ:

«Այլևս Հայաստանը բռնապետություն է, որովհետև եթե ընդդիմադիր ուժի ղեկավարն օբյեկտիվ քննադատություն է հնչեցնում, ժողովրդի մասին մտածելով՝ դատողություն է անում, սրանից երկու օր հետո որոշում են, որ Քյավառում ընտրակաշա՞ռք է բաժանվել: Ամոթ է ուղղակի: Սա խայտառակության գագաթնակետն է, և իրենք այս բանը չեն մարսելու»,-ասաց Գևորգ Պետրոսյանը:

Վերջինս հիշեցնումէ, որ ասել է մի քանի անգամ և հիմա էլ հիշեցնում է, որ ամեն իշխանությունն քննում է նախորդի գործերը, և այս իշխանությունների գործերն էլ հաջորդ իշխանությունն է քննելու, և այսօրվա իշխանությունների համար շատ ավելի ծանր է լինելու:

«Մենք շատ ենք տեսել հետապնդումներ: Ի վերջո, 2006 թ.-ից քաղաքական գործունեություն ենք իրականացնում: Եղել են անհատական հետապնդումներ, բանսարկություններ, բայց նման տոտալ, անթաքույց գրոհ քաղաքական ուժի նկատմամբ երբևէ չենք տեսել»,-ասաց Գևորգ Պետրոսյանը՝ շեշտելով, որ հիմա ինչ ասես կարող են ասել ժողովրդին մոլորության մեջ գցելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս