Բաժիններ՝

Պետությունը կփոխհատուցի հարկադիր վերադարձածների բնակվարձը

168.am-ը դեռևս անցած տարվանից մի քանի անգամ գրել է, որ Միգրացիոն ծառայությունում ձևավորվել է վերադարձի և վերաինտեգրման բաժին, որը պետք է այս ոլորտում քաղաքականության մշակման գործառույթներ ունենա: Ավելին, մշակել են հրատապ օժանդակության ծրագիր, որի շրջանակում, օրինակ, հարկադիր վերադարձածի 6 ամսվա բնակվարձն են փոխհատուցելու:

Երկար ժամանակ այս ծրագիրը սպասում էր կառավարության հաստատմանը:

168.am-ի հետ զրույցում ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության 2020թ. մարտի 19-ի N 336-Լ որոշմամբ տրվել է ՀՀ վերադարձող (այդ թվում՝ հարկադիր վերադարձող) քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիրը, որի շրջանակում բոլոր նրանք, ովքեր առնվազն 1 տարի բնակվել են արտերկրում և Հայաստան են վերադարձել հետընդունման (ռեադմիսիոն) համաձայնագրերի շրջանակներում, կամ արտաքսվել/վտարվել են օտարերկրյա պետություններից, վերադարձից հետո առավելագույնը 3 ամսվա ընթացքում կարող են  դիմել ծրագրից օգտվելու համար:

«Ծրագիրը, որը մեկնարկել ենք, վերաբերում է բոլոր տեսակի վերադարձողներին՝ անկախ նրանից՝ հարկադի՞ր է, թե՞ կամավոր: Մենք տալիս ենք ուղղորդիչ խորհրդատվություն, այսինքն՝ օգնում ենք, որ ինքը կողմնորոշվի՝ ուր գնա. եթե ունի առողջական խնդիր, պայմանավորվում ենք Առողջապահության նախարարության հետ, եթե զբաղվածության խնդիր ունի, համապատասխան գերատեսչության հետ ենք կապի մեջ դնում, որպեսզի անձն ինքը ստիպված չլինի գերատեսչությունից գերատեսչություն վազելու և հասկանալու՝ ինչ է փոխվել երկրում, և ինչից կարող է օգտվել: Այդ ամեն ինչը մենք ենք իր փոխարեն անում: Բացի սրանից, երկրորդը բնակվարձի սուբսիդավորումն է, որը միայն հարկադիր վերադարձողներին է վերաբերում, եթե մարդուն դեպորտ են արել: Ասեմ ինչու՝ այն մարդիկ, որոնք չեն սպասում, որ գործը հասնի դեպորտին, և ապաստանի հայցի մերժումից հետո  սեփական նախաձեռնությամբ վերադառնալու որոշում են կայացնում, շատ ավելի լայն հնարավորություններ ունեն, որ երկրից էլ վերադառնալու լինեն: Մասնավորապես, կամավոր վերադարձի դեպքում կան օժանդակության ծրագրեր՝ կանխիկ աջակցություն,  բիզնեսի հիմնման աջակցություն, վերապատրաստում, կրթություն, այս պարագայում էլ կա բնակվարձի փոխհատուցում: Ուստի պետությունն այս ծրագրով փորձեց լրացնել այն բացը, որը կար փաստացի հարկադիր վերադարձողների մասով, որոնք մնում էին դրսում: Մենք փորձում ենք այս ծրագրով  6 ամսով իրենց աջակցել՝ ամսական տալով 60.000 դրամ բնակվարձի փոխհատուցում, իրենք կարող են ավելացնել և ավելի բարեկեցիկ պայմաններ ընտրել: Այս պահի դրությամբ երեք շահառու ունենք, որոնց վարձը փոխհատուցում ենք, ևս 35-ը տարվա ընթացքում կարող են օգտվել այս հնարավորությունից»,- մանրամասնեց Նելլի Դավթյանը:

Փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է Միգրացիոն ծառայություն ներկայացնել սահմանված ձևին համապատասխան դիմումը և հետևյալ պահանջվող փաստաթղթերը.

– անձը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում),

– վերադարձի վկայական,

– հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) հատկացնելու մասին տեղեկանք (առկայության դեպքում),

– դատարանի կամ վարչական մարմնի կողմից արտաքսման կամ վտարման վերաբերյալ որոշումները,

– լրացուցիչ փաստաթղթեր, որոնցով հնարավոր է տեղեկություններ ստանալ արտերկրում գտնվելու և Հայաստան վերադարձի ժամկետների մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս