Փոփոխություն՝ բյուջեում. 70 միլիոն դրամ կուղղվի արտասահմանյան պատվիրակությունների և գործուղումների կազմակերպմանը
Կառավարությունը փոփոխություն է կատարել 2020 թվականի բյուջեում և 70 միլիոն 940 հազար դրամ հատկացրել Կառավարության աշխատակազմին։
Ըստ որոշման նախագծի՝ գումարը հատկացվել է Կառավարության պահուստային ֆոնդից և ուղղվելու է արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների և պաշտոնական գործուղումների կազմակերպման նպատակին։
Կառավարության այս որոշումն ընդգրկված էր գործադիրի հունիսի 12-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում։
Հիշեցնենք, որ 2020 թվականի բյուջեի մասին օրենքով՝ արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների և պաշտոնական գործուղումների կազմակերպման համար արդեն հատկացված էր 550 միլիոն դրամ։
Նկատենք, որ Կառավարության պահուստային ֆոնդի համար 2020 թվականի բյուջեով հատկացվել է 5 միլիարդ 990 միլիոն 210 հազար դրամ։