Ծայրահեղ օրինապաշտների ձեռքերը հաստատ անմեղ վարորդներին էլ կհասնեն․ Վարորդների իրավունքների պաշտպանը՝ բջջային հավելվածի միջոցով արձանագրվող ՃԵԿ խախտումների մասին
Բջջային հավելվածով արձանագրվող ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն իրավական ուժ կստանան 2021 թվականի հունվարի 1-ից. այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստում ասաց ոստիկանության նորանշանակ պետ Վահե Ղազարյանը՝ ներկայացնելով «Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները սահմանելու մասին» նախագիծը։
Ոստիկանապետի խոսքով՝ նախագծի նպատակը ՀՀ քաղաքացիներին հատուկ բջջային հավելվածի միջոցով ՃԵԿ խախտումներն արձանագրելու հնարավորություն տալն է:
«Բջջային հավելվածը ՀՀ-ում մշտապես բնակվող անձանց համար է»,- նշեց Վահե Ղազարյանը՝ ընդգծելով, որ մեկ օգտատերը նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ կարող է ներկայացնել ամսական առավելագույնը՝ մինչև 3, իսկ տարեկան՝ մինչև 30 էլեկտրոնային հաղորդում:
«Բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի արձանագրել առավել հաճախ հանդիպող և սովորական քաղաքացու համար տեսանելի 12 տեսակի իրավախախտում: Դրանցից են հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, կանգառի կայանման կանոնները խախտելը, լուսացույցի ազդանշանին չենթարկվելը, տրանսպորտային միջոցից աղբ նետելը, և այլն»,- ասաց Ղազարյանը։
Վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանը կարծում է, որ այս հավելվածը մեծ դերակատարում չի ունենա․ սկզբի երկու շաբաթում որոշակիորեն կզգոնացնի, և վերջ։
«Պոտենցիալ վտանգ ներկայացնողներն ու պոտենցիալ իրավախախտները երթևեկության 5%-ն են կազմում. այս հավելվածով նկարողները 5%-ից էլ պակաս են կազմում. Այսինքն՝ ծայրահեղ օրինապաշտները ծայրահեղ օրենք չպահպանողների հետ են գործ ունենալու, և արդյունքում՝ այն մնացած 90% վարորդները դուրս են մնում այս իրավահարաբերությունից։ Բայց դե, այդ 90% վարորդներն էլ մասնակիորեն կտուժեն այդ համակարգից. այն ծայրահեղ օրինապաշտների ձեռքերը հաստատ անմեղ վարորդներին էլ կհասնեն, քանի որ հավելվածը սահմանափակումներ ունի, նույն անձին չեն կարողանում պարբերաբար նկարել, դրա համար էլ ստիպված պարապությունից այլոց են նկարելու»,- մեզ հետ զրույցում նշեց վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբանը։
Հարցին՝ գուցե սրա փոխարեն՝ ավտոտեսուչների թի՞վն ավելացնեն, աշխատավա՞րձը բարձրացնեն, Արտակ Խաչատրյանը պատասխանեց, որ առաջին հերթին կամք ունենալն է ցանկալի։
«Առաջ մեջը փող կար, նույն թվով ավտոտեսուչներով այնպես էին գլուխ հանում, որ նույնիսկ խնդրում էինք՝ թիվը կրճատեն։ Ի դեպ, ավելի շատ կշահեն. Եթե աշխատավարձը բարձրացնեն, քան թե նոր աշխատակից ընդունեն։ Մենք ռեսուրսներով շատ հեռու ենք ՃՈ-ից, սակայն մեր հիմնարկն ավելի զարգացած է ու արդիական տեխնոլոգիաներ ունի, քան ՃՈ-ն, ու իրենց չզարգանալու պատճառով էլ հետ են մնում ամեն ինչից. նաև միաժամանակ պետությանն ու քաղաքացիներին են վնաս տալիս։ Օրինակ, արտակարգ դրության պայմաններում ՀՔԲ-ն (հաշվառման-քննական ստորաբաժանում) չի կարողանում ծառայությունների մի մասն իրականացնել օնլայն, ու ըստ այդմ բյուջեի հոսքերը կրճատվում են»,- եզրափակեց մեր զրուցակիցը։